Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/20

Այս էջը սրբագրված է

Սառ բուրգին տակ եղավ սառ,
Եվ սա քարե սեմին վըրա դարձավ քար,
30 Հոն դընելով ահռելությունը կյանքին.
Եվ իր ուրուն պտըտցնելով՝ ներսն հեշտին
Նընջողներուն երազին մեջ, իբր օձ մի՝
Որ զինք ճընշող գավազանին կոլորտի։

Ա՛լ բնությունն այս իր խորթ որդին ընկեցիկ
35 Մոռացոնքի մեջ թող պատե. թող մարդիկ
Վաղն՝ այս իրենց խեղճ աքացածը տանին
Լըռության ծոցն — երկրորդ աշխա՜րհը մերին —
Երազանքի համար է մեր օրորանն,
Ու անկողինն՝ հույզի, շիրիմն՝ լըռության...
40 Դեմքն հեգնությամբ մը դարձած է երկընքին՝
Ուրկե շող մ՛ իսկ չինկավ անդունդն իր կյանքին.
Ուրկե խուսած մեկ կաթիլ մ՛իսկ կապտագույն՝
Չը միացավ իր օվկիան սևերուն,
Մինչ շատերուն անծիր գըմբե՜թ խընդության,
45 Իրեն համար նեղ առաստաղ մ՛եղավ ան.
Եվ չը սըփռեց լույս մ՛իր քայլին այցելու
Որ, մոլորած, կերթար եղտյուրն ախտերու,
Այդ երկինքն, ո՛հ, տըվավ անոր օրերուն
Սև հյուղ մը լոկ, և դիակին՝ ճերմակ ձյունն։

50 ... Պիտի փայլի վաղն արեգակն անոր վրա,
Այդ մեծ ճըրագն՝ որ կույր երկրիս լույս կու տա․
Եվ պիտի ձյո՛ւնը շողշողա ցուրտ մարմնույն՝
Պըտույտքելով անոր դեռ սև մազերուն,
Ինչպես ճերմակ եղյամն հովեն կը թըրթռա՝
55 Սև վեհությամբ կանգուն նոճի մր վըրա։
Վաղը, ժողվված վառարանի մը չորս դին
Մինչդեռ մըպտով մը որդիներն հարուստին
Գիրկերե գիրկ պիտի կայտռեն, — ըստորև,
Հոն հյուղին մեջ, ցուրտ անկողնի մը առջև՝