Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/200

Այս էջը սրբագրված է

55 Նույն ատեն աստղ մահավոր
Փեռեկելով ժողովուրդներն ապշահար՝
Եկավ և հինգ անգամ դարձավ գըլխուն շուրջ
Ավերներու Տիկինին,
Եվ փըշրըված, հանկարծակի, ուղխորեն,
60 Մազերն ի վար հոսեցավ
Հալած մեղրի հանգունակ։
Եվ կինն հիասթափ հավատաց
Ազատության և անսահման խինդերու։
— «Ո՞վ իմ հնազանդ աղախիններս, ըսավ ան․
65 Աղախիններրս թըխացած թևերով,
Դուք որ երկար դարերու մեջ հըսկեցիք
Ոտքիս առջև. ձեր մազերով սըրբեցիք
Կուրծքիս արյունն հարաբուխ,
Եվ ձեր շըրթունք ըրիք ըսպունգ քնքշական
70 Սըրտիս վերքին, օ՞ն, մեհևանդ բերեք ինձ,
Ավերներուն մեջ արցունքես բողբոջած
Մեծ ծաղիկնե՞րը բերեք։
Կ՝ուզեմ այսօր դըշխոյի պես զարդարվիլ.
Կ՝ուզեմ որ միսըս թարմորեն սըրսըփա
75 Ինչպես ծաղկած դեղձիի ծառը մատղաշ
Անձրևեն վերջ մայիսի։
Կը լսեմ բոլոր հովիտներեն որ կ՝ելլե
Որդիներուս ծիծաղն, և ա՞լ չեմ կըրնար
Սևեր հագնիլ և ողբալ սև արցունքներ։
80 Թող բերվին ինձ պատմուճաններս հինօրյա.
Սա ծանըր ծա՜նըր վարդերով պսակը, օ՛ն,
Դըրեք շուրջը վեհ գըլուխիս, դըրեք վարդ
Գոտիիս մեջ, մեջքիս վրա․
Եվ գինդերս իմ, ապրանջաններս ու մատնիս
85 Զետեղեցեք․.. այսպես, ահա՞... ա՞լ երթանք
Դեպի Վոսփոր, կարմիր ճերմակ խընջույքին»։

Ժողովուրդները հոն էին, քով քովի,
Մեկ արևու տակ նըստած։