Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/202

Այս էջը սրբագրված է

Ու դոփդոփյունը խոլահած մասրերուն
Ժողովուրդին վրա նվագներ թափեցին
Եվ ներդաշնակ կարծես անձրև մանծանոթ,
125 Ու երբ քողն իր վեր նետեց
Եվ ըսպիտակ ալիքներուն մեջ անոր
Ճախրե՜ց, դարձա՜վ, դարձա՜վ, դարձա՜վ հապըշտապ՝
Կարծես թե ան բուստ մըն էր
Ամբոխներուն օվկիանին մեջ հարածուփ
130 Եվ կամ Աստղիկն արբեցած
Տիոնիսյան խորհրրդական տոներուն։

— Կեցցե՜ ըսին այն ժամանակ հոն բազմած
Մարդերն ամեն ցեղերու,
Կեցցե՜ Այրին գեղագանգուր՝ որ ահա
135 Մեկ օրվան մեջ կը ձըգե քողը սուգի
Եվ լաչակն իր մոխրահոտ.
Թող Վոսփորն իր վիհերեն
Ամուսնական բերե մատնի մադամանդ,
Այս իրիկվան մեջ զուգելու համար զայն
140 Մեծ Ազգին հետ օսմանյան։
Կեցցե՜ Մայրն այն սևազգեստ՝
Որ գիշերվան մեջ հերոսներ կը թաղե,
Առավոտուն կըլլա հարս,
Հա՜րս կըլլա, հա՜րսը բոլորիս, հարսն արբշիռ,
145 Որ ծովուն քով և խրախճանքի սեղանին
Վարդ կը նետե ամենուն,
Եվ ավասիկ կհամբուրե
Իր գինիոտ բերանով
Մարդերն ամեն ցեղերու
150 Կեցցե՜, — Ըսին այն ժամանակ, բայց հեռուն
Այս խրախճանքի ժըխորումեն արթընցած
Գայլ Վահաններն, Դավիթ բեկերն ընձառյուծ,
Հերոսներն հին՝ գաղափարին հինօրյա,
Գինովությու՜նը տեսան
155 Օտարներու առջև պարող իրենց մոր.