Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/205

Այս էջը սրբագրված է

Մըրթմըրթալով կը փակեր խըրճիթին դուռն հապըշտապ։
Կու գար հովիվն ետևեն։ Կը հնազանդեր խաշինքն ողջ
Ցուպին՝ կիսովն իր օծված դեղին տիղմով մը ամբողջ։
25 Գըլխուն ուներ փռյուգական գըլխարկ մը գորշ թաղիքե՝
Ուր մըխած էր կապուտակ փունջ մը նարգիս ծաղիկե․
Կարճ թեզանով սև արջու մորթե հագուստը երկար
Ձըգած էր ձախ ուսն ի վար՝ որուն տակ իր պարկը կար։
Այսպես հըսկա և վըսեմ՝ խընկելով մե՝ն մի քայլին՝
30 Բարբարոս հոտ մ՝ուղխերու և կույս բույրեր լեռնային՝
Կը մըտներ բակն։ Համբույրով մը վար կառներ զիս էշեն.
Համբու՜յր մորուն մեջ հոգիս կըմպեր բնությունն հոյաշեն։


Բ


Ձըմեռն ահա...

Թոնրատունն անդորրություն կը տիրեր,

35 Անդորրությու՜ն նաև տաք գոմին մեջ տանն առընթեր՝
Ուրկե միայն մեզ կու գար հոտին շըշուկն որոճման,
Կամ գառնուկն իր ծընանող ոչխարի ձայն մը դաժան։
Քաջ ծերունին կը կախեր պարկն իր դիմաց պատն ի վար՝
Ուրկե օթեկ պանիրի կը տարածվեր հոտ մըստվար։
40 Անդին կատուն մերթ պըրծած իմ ձեռքերես չարչըրկող
Անոր տրեխները մեծղի կերթար լիզել գաղտագող,
Որոնց վըրա կըլլային շատ հեղ չորցած արյուններ
Մարդագայլի կամ գայլի՝ զոր անհաղթած, մորթած էր։
Իսկ նըստած մայրըս թոնրին քով կաղոթեր սուրբերուն,
45 Մերթ մրափելով, մերթ ալ խաչ հանելով դեմքը սարսռուն՝
Երբ հովն հեռուն լերան վրա թավալ տալով ձյան հյուսեր՝
Կու գար ոռնալ երդին վրա և բուխերիկը սարսեր
Այն ատեն ես կըսեի դըվարածին ալևոր.
— «Պապո՞, պատմե. լեռներու կուզեմ հեքիաթ մը աղվոր»։
50 Կու տար համբույր մը ճակտիս, հետո ձայնով սիրամած՝