Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/207

Այս էջը սրբագրված է

Կը լըսեի ես զանոնք սևեռած խորհ աչքերուն՝
85 Ուր միշտ հոգի՜ն կը խոսեր՝ իր լըռությանը պահուն։
Ան իր սըրտին մեջ սուրբ էր, բազուկներովը՝ հերոս,
Մեր ցեղին պես միշտ բարի, մերթ նենգ ու մերթ բարբարոս։
Կը զմայլեի ժամերով հասակին վրա, վեհ պատկեր,
Որ Օլիմբյան աստվածի մը կաղապարն էր հագեր․
90 Կը տեսնվեին ճակտին վրա և ծոցին մեջ թըխագույն
Խածած տեղերն հուլիսյան ոսկեատամ արևուն.
Հովին, տոթին տակ թըրծված կուրծքը հընոց մ՝էր երաշտ
Նըման անոր՝ որուն մեջ պապերը մեր կըռապաշտ
Իրենց ազնիվ նըվերներն աստվածներուն կ՝այրեին։
95 Կը թորեին հոնքերեն առատ բույրեր լեռնային։
Մինչ իմ հոգիս այդ հըզոր մարդուն ձայնին օրորով
Կը մեծնար ի՜նչպես եղեգ մ՝ամպրոպին մեջ երգելով,
Մինչ կանցնեենք գիշերներն հիշատակովն իր կյանքին,
Եվ սիրտս իր խոսքը կըմպեր՝ բոցն ինչպես ձեթը ճրագին,
100 Դուրսը քամին կը թըռչեր, լեղապատառ կը ճըչար,
Եվ վերն երգին վրա նըստած և ձյուներուն մեջ պայծառ՝
Շուները մեր կոռնային գայլի մը կուշտ, տըղընդեր,
Որ դիմացի ըսպիտակ սարալանջին կ՝ոստոստեր․․․


Գ


Գարունն ահա...
105 Մեր երգին ջորդաններեն՝ ուր հըլու
Աղավնիներ իրենց ջուրը կու գային խըմելու
Ձյուներն հալած՝ կ՝հոսեին դըրանը քով խոխոջուն․
Ժայռեն հեղեղը կ՝իջներ արևուն տակ պաղպաջուն․
Գետը (կարծես ոսկեղեն հանքե բըխած) ընդհոլով
110 Կը տարածվեր՝ դեղնորակ՝ գյուղին առջև մռընչելով․
Իրենց կանանչ քողերուն մեջեն մեղմիկ արթընցած
Բըլուրներեն, դաշտերեն երբ կու գար սյուքն համրընթաց
Մեր տընակին բանալ դուռն, հովիվն ընդոստ կը կանգներ․
Հողին հոտն իր առնական լայն ռունգերուն դըպած էր,