Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/208

Այս էջը սրբագրված է

115 Հողին հեշտ հոտը՝ նըման բեղուն հարսի մը մարմնույն
Գաղջ բուրումին՝ որ նեկտա՜րն է փեսային ցընծամույն։
Չունի տընակը հաճույք, չունի թոնիրը հեշտանք՝
Երբ մարդ սըրտին մեջ կը զգա գարնան երգին արձագանգ։
Կու գար բնության բոցերուն ջահը բռընկիլ հեղակարծ
120 Լերան կարոտ այդ հովվին թարթիչներուն տակ արծարծ։
Կառներ թիկնոցը ուսին, կառներ տըկճորն՝ որուն մեջ
Տիեզերքին սիրտն ամբողջ պիտի առներ ելևեջ,
Եվ կըսեր մորըս. «Մարո՜, պարկիս մեջ գիր պանիր, հաց,
Եվ ցուպըս տուր, լեռ կելլեմ, ալ փարախին դուռը բաց»։
125 Ու կը մեկներ գոհունակ։ Կը տեսնեի դիմացի
Կանանչ սարեն բարձրանալն հոտին՝ որ լուռ կ՝արածի։
Ուրախ էին ոչխարներն, էշն ալ ուրախ կը թըվեր,
Եվ ընչապտուկ շուներն ալ՝ տընկած ցռուկնին գեպի վեր՝
Կը հաջեին վեհ արծվի մ՝օդը վերեն վար հերձող,
130 Կը լափեին մերթ կանանչ ճանճ մարևուն մեջ թըռչող։
Այն ժամանակ — ով սըրտիս անմահական հիշատակ —
Ծեր հովիվին հտևեն կը վազեի ես շիտակ
Ու թիկնոցին թեզանեն բըռնած. «Պապո՜, պապո՜ ճան,
Զիս մեկտեղ տար, կըսեի, հովիտներուն մեջ շուշան
135 Զաղել կուզեմ. կուզեմ ես քովըդ խաղալ սարին վրա»։
— «Դեռ փոքրիկ ես, կըսեր ան, կես ճամբան շունչըդ կհևա.
Ժայռին ծայրեն անցնելուն մըրրիկը քեզ կը տանի»։
Եվ մեծաքայլ կ՛անհետեր սարին ետև գեղանի...
Ըսկըծանքս լալով ետ կը դառնայի մենակյաց.
140 Բայց հովն արցունքըս սըրբած կըլլար ես գյուղ չըմըտած․
Եվ երբոր տուն կհասնեի՝ մոռցած էի պապս արդեն.
Կա՜մ մորըս փունջ մը ծաղիկ բերած էի հետս արտեն,
Կա՜մ ունեի ափիս մեջ թիթեռնիկներ նահատակ.
— Ով արդ ցամքած իմ սըրտիս անմահական հիշատակ։


Դ


145 Օր մալ եկավ ան դարձյալ, աշնան օր մէր չարաշուք.
Արևն հիվանդ կօրհասեր գյուղին ետև անշըշուկ.