Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/21

Այս էջը սրբագրված է

60 Որ դատարկ է, խեղճին տըղաքն անխընա
Պիտի ճըվան. «Հայրի՜կն, հայրիկը չը կա»։

Ո՜վ լըքվածներ փոքրիկ, նոթի, ցըրտահար,
Պիտի այլե՜ըս չը դառնա ձերին հայր.
Թերևս առանց ողբացվելու ձեզմե՝ զայն
65 Փութկոտորեն մոռացումի հողին տան.
Զի մարդըս այնքան կը շտապե՝ մեջտեղեն
Վերցրնելու իրեն նըմանը արդեն։
Ան հոն է, հոն, հեռո՜ւն մեծ տան մը սեմին՝
Ա՜լ անկենդան տարածված է իր մարմինն։
70 Հոն սըգավոր աչք միսկ չը կա՝ որ զինք լա.
Դագաղի ծածքը սև չիյնար իր վըրա։
Հավերժորեն գիշերն իջավ ծոցին մեջ.
Թույլ երակները չունին ա՛լ ելևէջ.
Ցուրտն իր ներսի՝ դուրսի ցուրտին միացած՝
75 Խեղճն ըրին մարդ մը սառույցե հորինված,
Սև քուրջերուն, կընճիռներուն մեջ ճակտին
Կը քընանա կարծես սոսկումն ահագին.
Կե՜ս բաց շըրթներն (ձյունե ակոս դեմքին վրա)
Կ՛ըսեն կարծես․ — «Ինձ գերեզման մ՛ալ չը կա»։

80 Պիտի բացվին դըռներն հիմա պալատին.
Պիտ միանա ծիծաղ մհիմակ այս սուգին։
Ոտքի ծայրով՝ դիակը ցուրտ, վըշտակիր
Պիտի շարժեն և պիտ ըսեն. — «Արթընցի՜ր»։
Եվ իր գըլուխն աստիճանեն մարմարյա
85 Սալհատակին քարին, ան շունչ, պիտ իյնա...

(Ո՛հ, ո՜վ Տեր իմ, Տեր անայլայլ, անվըրդով,
է՞ր կը փըշրես ալիքն՝ եկող ալիքով.
է՞ր կը հանձնես տերևը՝ գուժ մըրըրկին,
Լերան ավազն՝ հեղեղներուն մոլեգին․
90 է՞ր կը մատնես մարդը՝ մարդուն կեղեքման
Եվ հեգ ճակատը՝ ոտքերու հաղթական)։