Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/220

Այս էջը սրբագրված է

Ադամանդեն կը սըփռըվի. Հայուհվույն
Դեմքին վրա՝ լnւյu և հոգիին մեջ՝ խավար։

230 — «Արմենուհի՛, կըսե, ինչո՞ւ դուն կու լաս․
Թող արցունքդ այդ սըրբե փառքի իմ խըլաս։
Եթե սըրտիդ այս սիրտըս չէ՜ բավական՝
Կամքըդ օրենք գահիս, ձիուս սանձ ըլլա,
Միայն ինձ թող այդ մարմնույդ մեջ սիրական
235 Պահ մը գոնե մոռնամ ըլլալս իմ արքա»։

— «Իմ մարմինս է հըրաշաղված իմ հոգվով,
Եթե դըպչիս մեկուն, մյուսն, կը սպաննես.
Մին մատնիով է կընքված, մյու՜սն աղոթքով...
Հեռու ինձմե. ո՛հ, դու պիղծ ես, գինով ես,
240 Գինիով սուրբ սեղանին իմ Աստըծույն...
Հեռու՜ ինձմե. կը բուրե, շունչըդ արյուն»։

— «Ես գերիդ եմ, կույս ոտքերուդ տակ ահա
Կը մերկանամ զենուզարդես, անունես»։
— «Դու վագըր մ՝ես որ ճիրաններդ արյունլվա
245 Նայվածքներուս առջև հիմա կ՝ամփոփես,
Որ տարածես զանոնք հետո իմ սըրտիս»։
— «Միշտ պիտի քեզ սիրեմ»։ — «Խամրե՜ս պիտի զիս»։

— «Ո՜վ հուրի, այդ աչքերդ հոգվույս մեջ արդեն
Շահը գերի մ՝ըրին, Աբբասը՝ Մեճնուն...
250 Օ՜ն, վրաս լեցուր սև մազերդ այդ ուղխորեն,
Եվ ծոցդ, հետին բերդ, հանձնե՜ իմ բոցերուն»։
— «Ծոցս է խորան, օծված խորանը չէ որջ»։
— «Թո՜ղ, թո՜ղ մարմինդ երբ կը թովե ան զիս»։ — «Ո՜չ»։

Ինչպես թռչնո մը բույնին աչքն իր հառած
255 Կը մագըլցի ծառեն կատու մը վայրի.
Կամ ինչպես օձն՝ որ կաթին հոտը առած՝
Ծըծկեր ուլի մը բերանին կ՝երկարի,