Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/222

Այս էջը սրբագրված է

Ջուրերն այն տեղ սահանքելով մոլեգին՝
Կը սասանեն թե՛ ժայռը, թե՛ վարսագեղ
Մորենիի ճյուղեր կախված կատարեն.
Հետո լուսնին տակ կը սահին լըռորեն։

290 Այնտեղ կ՝ելլե Արմենուհին սըրտախռով
Ու զերդ եղնիկ մը հալածված կինճերեն
Կը խուզարկե շուրջն անհանդարտ աչքերով.
Ո՛չ մեկ հընար խուսափելու, կը հըսկեն
Զորքերն հեռուն, ու գետն իբրև պահակ շուն
295 Կ՝ոռնա շեմին վրա բանակին միշտ անքուն։

Կը դիտե կույսն երկա՜ր աչքերն ահարկու
Բնազդով մ՝անոնց մեջ սև բախտն իր կարդալու.
Կը դիտե լուռ և արտասվել կը սկըսի։
Երբ որ հովն իր մազերն առած միասին
300 Կը տանի վեր մինչև լուսնին մեկուսի,
Ան, զերդ Ոգի, կը խոսի ա՜յսպես գետին.

— «Ո՛վ Արազ, ո՛վ ամեհի մայր, դու որ այս
Հովիտներեն պոոռոշագին կ՝ընթանաս՝
Իբրև խեռ կով մը կաթնալից ծիծերով.
305 Ունեցիր հեգ ճակատագրիս վըրա գութ.
Ռահ մ՝ինծի բա՛ց. թույլ տուր անցնիմ ապահով
Աչքիդ մեջեն կամ վըրայեն խութերուդ։

Չըկա՜ ինծի տարբեր ճամբա. վաղն արփին
Երբ լըվալ գա մեջըդ վարսերն իր ծածան,
310 Շահի մ՝առջե, վըրան գայլի մը մորթին
Պիտի քակեն արծաթ գոտիս կուսության։
Որպեսզի հարճ չըլլամ՝ չըլլամ պիտի դի․
Վաղն արյունս իմ թարթիչներես պիտ՝ կաթի։

Մինչդեռ, ավա՜ղ, իմիններես ոչ ոք դեռ
315 Զիս առած իր երիվարին գավակն հույր՝
Տանիլ կու գա հայրենական իմ լեռներ։