Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/223

Այս էջը սրբագրված է

Ի զու՜ր երկար ըսպասեցի, արդ ի զու՜ր
Կը խուզարկեմ հորիզոններ նորանոր.
Սա գորշապատ ափերուդ վրա հեռավոր՝

320 Ուր կը լըսվին գորտերուն լոկ կառանչներ՝
Լուսինն, ավա՜ղ, կը տեսնե ո՛չ մեկ խնդրակ...
Ի՜նչ, մոռցա՞ն զիս, թե կարծեցին եղած կեր
Գայլի մու ա՛լ ըսպասելով տըխրունակ
Ճամբորդներեն իմ արյունլվա շապիկին՝
325 Առագաստիս շեմին մոխի՜ր սըփռեցին։

Ի՜նչ, մայրս ա՜լ չի՞ կարեր երգով մաղթանքի
Օժիտըս թանգ, մի՞թե ասեղն իր ոսկի
Փըշըրվեցավ հարսանեկան քողիս վրա։
Եվ հայրս որուն թևերուն տակ արծվային
330 Միշտ իր փառքերն երգելով ես ուռճացա,
Օ՛հ, կը թողո՞ւ որ պատին վրա ժանգոտին

Սակըրն ու թուրն, և հեգ աղջիկն իր չելլեր
Որոնելու բայոցե բայ, լեռնե լեռ։
Եվ կըտրիճն այն՝ որ ձեռքը դրած ձեռքիս վրա,
335 Երեք հեղ, մեր թըզենվույն տակ սիրասույզ,
Ուխտեց մընալ հավատարիմ՝ ինչպես սա
Մազերս՝ ուսիս, և ինչպես շուքն՝ ոտքերուս,

Մի՞թե այսօր կը թողու զիս անպաշտպան․
Չի՞ գար կանգնիլ Փատիշահին դեմ առ դեմ՝
340 Տարածելով իր պատվույն, իմ գըլխուս վրան
Հըսկայական թուրին ըստվերը վըսեմ։
...Ո՜վ Արադ, տե՜ս, ահա լըքված ամենեն
Ես քու գութեդ լոկ կը սպասեմ ապավեն»։

Այսպես կըսե։ Հետո այն բարձըր ժայռեն,
345 Իբրև զըզվա՞նք, թե իբրև վարձք Արազին,
Ես չըգիտեմ, կհանե մանյակը վըզեն