Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/226

Այս էջը սրբագրված է

Ալյակն տակ բաց բիբերն իր գեղանի
Դեռ կերազեն կարծես լեռներն հայրենի..․

405 Ու կը տանի Արազը զինք, կը տանի՜...
Երկու կողմեն երկու զեփյուռ ուղեկից
Լալով կերգեն եղեգներուն մեջ դողդոջ.
Տըժգույն լուսինն երկընքին վրա՝ թախծալից՝
Հուղարկավոր կըլլա մեռած իր քըրոջ...
410 Ու կը տանի Արազը զինք, կը տանի՜...

Գետին հետ կույսն անտառին մեջ չըմըտած՝
Կաղմըկին զույգն ափերն իրար դեմ հանկարծ․․.
Մին Աբբասն է որ ելած է փընտռելու
Արմենուհին. իսկ մյո՞ւսը. մյուսն ահա
415 Կոստնութուփերն, ու ճեղքած մեն մի պըրտու՝
Կը մըտնե գետն. Առյուծ մըն է. կը հևա։

Հոն եզերքին Շահը կեցած մըտախոհ՝
Կերազեր իր Ավարին վրա՝ որ մընաց
Մահվան մեջ կույս, և կուսության մեջ դըշխո։
420 Այդ կյանքին հետ կըզգար թուրն իր ջախջախված․
Եվ կը խորհեր՝ առջևն այդ սուրբ դիակին՝
Թե ան իրավ ուժն ուներ իր բանակին:

Երբ դեմ առ դեմ հոն իրարու կհանդիպին
Թագավորներն երկու՝ երկու ափերեն.
425 Շահն ու Առյուծն, ու խոյանքով միասին
Ջուրերուն մեջ իրենց որսին կը դիմեն։
Մին մըռընչել կը սկըսի, մյուսն ըսպառնալ,
Եվ Ավարն այն կուզեն տանիլ երկուքն ալ։

Կը խանձի խոլ տենչով գըրկել հեղ մ՛Արքան
430 Հայուհիին մարմինը ողջ թե մեռած.
Սև գանգուրներն անոր կ՛ուզե որ ըլլան
Պարանոցին համար հուռութք դիվ հալած,