Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/231

Այս էջը սրբագրված է

45 Իր երգած երգն հորն ականջին խիստ քաղցր է․
Սյուքին սայլով մերթ չի՞ զբաղիր մայրին ծեր.
Մին թևին տակ ցողունիկներ կը ծըռե.
Մյուսն արմատով սարահարթնե՜ր է ճեղքեր։

Քաջ է Տոնել՝ ամեն քաջի հետ չափված,
50 Թե ոչ՝ կանցնե՞ր գիշերն այդպես տեղերն։
Զինքը ճանչցող լերան ամեն արարած՝
Մեյ մ՛ոտքին տակ իյնալեն վերջ ճանչցեր է։

Իր արբունքի տարիներուն մեջ համակ
Հաղթանակող կյանք մ՛ունեցավ արության.
55 Դեռ դողալով կը պահեն իր հիշատակ՝
Վըհի վիշապն, ոգին ճամբուն ու լերան։

Այսօր, տարեց, կընե արհեստ՝ ըստիպված
Պահանջներեն վըսեմ գըլխուն ճերմկած վաղ․
Լայն խորշոմները ծեր ճակտի մերկնաբարձ
60 Անձին դեմ սեր կը ներշընչեն քան թե վախ։


Դ


Կարավանն հու՜յլ կերթա մեջ սև մըշուշին․
Ջորին անցած իր վայրերուն մեջ վարժ է.
Ճամբուն՝ տեղյակ, նըրբանցներուն վրա՝ ուշիմ։
Դատարկությունը, խոլ, չորս դին կերազե։

65 Օ՛, մութին մեջ, հոն. չի տեսնվիր. ի՞նչ ձայն է։
(Չամլը — պելի, վա՜յ թե արգանդըդ պոռթկա
Գայլ կամ թե մարդ՝ վիժածներ սև ու դըժնե,
Անմիտ պատռող, կամ կողոպտող անուղղա։

Փակե՛ որջերդ ու խոռոչներըդ խըթե՛,
70 Խորափիտի մառջև իյնան թող ժայռեր.
Ո՞վ ահեղ լեռ, ծալե կըռնակդ, հանդարտե․
Անմի՜տ, խավարն իր մեջ Տոնե՜լ մ՛է ծածկեր)։