Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/24

Այս էջը սրբագրված է

4. ԴԱՍՏԻԱՐԱԿ


Դաստիարակն է։ Կը խոսի ծանր, հըստակ.
      Ձայնն աստղերեն, լույսեն կու գա։
Բառը կելլե, թըռիչներուն վրա հուր կա.
Զայն կարձակեն իրենց բույնեն գիրքն ու կյանք։

5 Թոք կը սպառե, միտք կը լըլկե, շունչ կու տա,
      Եվ չի խորհիր իր վերքերուն.
Մանկության դեմ դըրած ամբողջ ծերությունն՝
Կը բաժնե իր ծովը բազում լըճի վրա...

Վըսե՜մ կոչում։ Հոգյակներու մեջ հըլու,
      10 Ըզգուշավոր հըպումներով՝
Կը գըրե գութն էջերու վրա ապահով,
Կը ցանե սերն՝ անձնվիրություն քաղելու։

Անոնց կոկոն ուղեղին մեջ կիսաբաց
      Կը զետեղե ճառագայթներ,
15 Եվ կը լեցնե խավերն անոր՝ բարեբեր
Իր գիտությունն Աստուծո մե՜ջ ամփոփած։

Եվ հավաքած ամանին շուրջն իր սըրտին
      Մանկան շըրթներ՝ որք կը ծըծեն,
Կը բաշխե, հեզ, անոնց արյուն արյունեն․
20 Այդ իր կյանքն է՝ որ կանցընե ուրիշին։

Եվ այսպես օր մերբոր ըլլա զոհ մը, ծեր,
      Մեռնելու մոտ և հոգեվարք,
Պիտ մընա լոկ անոր այս մեծ մխիթարանք՝
Թե՝ իր կյանքն իր սաներուն մեջ կապրի՜ դեռ։