Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/286

Այս էջը սրբագրված է

6. ՑԱՅԳԵՐԳ

(Սիրային)

Իղձերս ամեն, խոստումներս ալ ճըշմարիտ՝
Հույսով մը լի, ոտքիդ առջև դըրի ես․
Չը զըլացա քեզ ո՜չ հառաչ, ո՞չ ժըպիտ,
Բայց, ա՜հ, երբեք չը ճանչցավ զիս սիրտըդ վես։

5 Քեզի համար նույնիսկ հոգի՞ս զոհ ընել
Ես ուխտեցի աստղերուն դեմ, երկնի տակ,
Դու շունչդ ինծի թույլ չը տըվիր վայելել,
Չը ճանչցար զիս, չը հասկըցա՜ր, ո՞վ հոգյակ․․․

Սեր-քընարիս լարերը լոկ քեզ համար
10 Թըրթռացուցի, քեզ երգեցի հեծումով․
Միշտ ցանեցի հետքիդ արցունք անհամար․
Ցույց չը տըվիր դու ինձ ո՞չ գութ, ո՞չ գորով։

Դեմքիդ նըման մեղր ու նըշույլ լուսնին դեմ
Նըստած, մինակ, լացի քանի՜ գիշերներ․
15 Հուզված կու լար նաև լուսնակն այն ատեն,
Եվ ես քեզի, անիկա զի՞ս կարտասվեր։

Այս ամենուն վըրա, անգո՞ւթ, չունեցար
Ո՞չ արտասուք, ո՜չ բառ և ո՞չ ծիծաղ միսկ․
Բընավ ինծի չը բացիր գիրկդ հըրավառ․
20 Չինկավ սըրտիս նայվածքըդ խոր, թափառիկ։

Գեթ նայվածքիդ տեղ այս սըրտիս զարկ դաշյուն․
Պատռե, ճեղքե, ծալքերը բա՞ց և կարդա՛․
Հոն, արյունե մեծ տառերով քու անուն
Քանդակված է. իմ խենթ սիրույս՝ խենթ վըկա։

2 հունիս, 1902