Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/287

Այս էջը սրբագրված է

7. ՎԱՐԴԵՐ

Ո՜վ գողտրիկ վարդեր,
Վարդեր անուշակ,
Այտեն ո՞ր սուրբին
Թաղարը ինկաք։

5 Կապույտ դաշտերեն
Աստղե՞ր եք իջած՝
Մեր պըլպուլներուն
Երգեն կախարդված։

Երեկ, ես տեսա,
10 Փունջ կապեց ձեզմով
Սիրուհի դրացիս
Դըրավ ծիծին քով։

Նայվածքներուն տակ
Հիմա դուք կապրիք,
15 Խմելով աչքերեն
Սիրտն ու իր գաղտնիք։

Պատվեր մը ունիմ
Հանձնելու ձեզի.
Ակնարկնիդ կուրծքին
20 Մեջ թող լա՛վ սուգի,

Որ ետքն ինձ ըսեք.
Սեր բառին դիմաց՝
Ան որո՞ւ անուն
Սըրտին է դըրած։