Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/296

Այս էջը սրբագրված է

15. ՊԱՏԿԵՐԴ

(Սիրերգ)

Սև բաժանումն ամեն վայրկյան
Թույն կը ժայթքե կյանքիս ճամբուն,
Եվ կը խանձե, ո՛հ, ամեն բան,
Լոկ հիշատակդ ինծի թողլով։

5 Մեծ կարոտով կը փընտըռեմ
Չըքնաղ պատկերդ — լուսնի՜ ծընունդ,
Չըքնաղ պատկերդ որ քու վըսեմ
Սիրույդ կայծերն ներսըս լեցուր։

Սակայն ի զուր, զայն ո՞չ բնության
10 Մեջ կը գըտնեմ, ո՞չ երազիս.
Շողերն ու վարդ ինձ ցույց կուտան
Ըստվերը սոսկ դիմագըծիդ։

Ա՛լ կը դառնամ հուսահատած
Ես իմ մեջըս։ Աչքերս՝ սըրտիս
15 Կը հառին խորն, և ողբ ու լաց
Կու գան զուգիլ հառաչներուս։

Բայց սըրտիս խո՜րն, ուր կը վազե
Գետ մը կարմիր, ա՛լ կը գըտնեմ
Չըքնաղ պատկերդ — ո՛հ, երա՞զ է․
20 Արյան վըրա՜ անդրադարձած...

24 փետր., 1903