Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/307

Այս էջը սրբագրված է

Միր բորբոսն հոն չը սերմանե, մըշտախռով,
Հոն մեղքերու փոթորիկներ չոռնան հար։

25 Ըսե՜, ինչո՞ւ (ահա ոտքըդ եմ ես ինկած)
Չես մերկացներ զիս իմ փըտած կեղևեն,
Զայն կը թափեն ինչպես բույսերը հինցած,
Ինչպես օձերն իրենց խորխեր կը փոխեն։

Ո՛հ, ինչո՞ւ դուն, որ փոխեցիր աշխարհն հին՝
30 Նոր աշխարհի, խավարի սաղմը՝ լույսի,
Հեթանոս ուղխը՝ քրիստոնյա հեղեղին,
Որուն ակն է արփիածավալ բիբն Հույսի։

Դու, որ եղար՝ իբրև երկինք վարդերանգ,
Սուրբ անկողին մը Արևուն ինքնագո.
35 Դու, ո՜վ Մեծ Սեր, Խաղաղությո՜ւն, ո՜վ Խոհանք,
Ո՜վ Գիտություն, ո՜վ սուրբ Նըշան հավատո։

Անարգանքները դարերու՝ վըրայեդ
Կըրցավ միայն ոըրբել արյունն Անմեղին․
Ամբողջ աշխարհն՝ այդ արյան մեջ խընկավետ
40 Արդ կը մաքրի, բացած սիրտն իր քու սըրտին։

Այսօր կիշխես մեկ բևեռեն մինչև մյուս․
Փառքիդ դրոշակը չորս հովեր կը հուզեն․
Հովանիեդ, օր մը, հյուլե մը իսկ դուրս
Պիտի չմնա։ Մարդիկ քեզմով պիտ սիրեն։

45 Գուցե աշխարհս իր ճամբայեն խոտորի՝
Ու արևուն չորս դին չընե ալ շըրջան,
Կամ Ամազո՛նն իր ընթացքեն մոլորի՝
Ու չհասնի ալ թափիլ օվկիանն Ատլանտյան,

Սակայն քուկին հետքըդ բըռնող մարդ անցորդ
50 Պիտի երբեք չը մոլորի, չը խաբվի․․․