Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/314

Այս էջը սրբագրված է

Դ

45 Հանկարծ շողերն արեգակին կ՛ամփոփվին.
Կը քաշե Տերը սև պատանք մանոր վրա՝
Որուն թուխ գույնը կը ցայտի լուսնակին,
Եվ աշխարհիս կուրծքին ուղխով մը կ՛իջնա։

Կը թոթափին աստղերն երկնի կամարեն,
50 Վա՛ր բերելով ամենն իրեն կրակն ու բոց.
Շեկ շեկ շանթերը շեշտակի կը շաչեն,
Շանթեքարերը կ՝անձրևեն հոծ ու հոծ։

Վա՛ր կը թափե կապույտն իրեն զենն ու զարդ,
Եվ հորձանուտ կ՛եռա չորս դին մըթնոլորտ.
55 Աշխարըս ա՛լ կելլե ճամբեն բոցացայտ.
Չի հնազանդիր ընել արփվույն շուրջն ոլորտ։

Ամեն լեռներ, սարեր՝ Վեսուվ կը դառնան.
Ամեն դաշտեր ալ Սահարա կըրակի․
Լույծ կապարի պես կ՛եռեփի օվկիան.
60 Եվ ծերունի գետ նեղոսն ալ կը ցամքի։

Թագն ու գըտակ կ՝ըլլան փոշի մ՝միասին,
Ու մե՛կ փըսոր՝ ցընցոտին հետ ծիրանվույն,
Ու մե՛կ մըղեղ դըղյակը հետ հյուղակին
Ու ծիծաղն ալ արտասուքին հետ՝ արյո՜ւն։

65 Բողբոջումներն, ամեն երկիր, կը խամրին.
Հուրն սընուցած՝ փոշի՜ կըլլան գալարիք.
Հուրն ալ ամբողջ երկրովս արբշիռ մոլեգի՜ն,
Որ կը կըրծե հողն՝ ընելով ցուրտ մոխիրք։

Կը մարե կյանքն իր վերջին կայծն ամենուր —
70 Աղաղակներ և լալոններ կը լըռեն.
Այլ սոսկ երբեմն՝ մեռելական ընդհանուր
Խըռըլտյուններ կլըսվին մահվան փոսերեն։