Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/317

Այս էջը սրբագրված է

Հանե ինծի այդ գիշերեն մըթամած․
Սիրո բոցերն այդ մեծ ծուխեն թող ելլան։

25 Սա լուռ, խորին անծանոթեն՝ ականջիս
Միշտ անիծող արյան խոշյուն մը կու գա․
Անսըվաղի մը կու լա ո՞ղբը չորս դիս,
Եվ կը կաթի կարծես արցունք մհոգվույս վրա։

Տըվայտանքի այդ կաթիլներն, այդ ձայներ՝
30 Դեպի երկինք ահեղ բողոք մեն լալկան
Եվ նախատինք մ՛հոգիներու կիսամեռ՝
Նետված ճակտին՝ անձնապարար Մարդկության․․․

․․․Հոն, կը տեսնեմ—վերջալույսին մեջ կարմիր
Արյունոտ սիրտ մը կը պոռա երեսիս.
35 — «Պիտ դարձընե՞ս ժամերդ, անգործ, դեռ մոխիր․․․
Կըռվե՜, Սերին համար պետքէԷ արյունիս»։

Այո՛, ո՜վ հեգ, խոցված հոգվո ուրվական,
Կամ ո՜վ ըստվերը խավարչուտ հյուղակի
Ո՛վ մըգլոտած բանտի մոգին դու դաժան,
40 Ո՜վ հոգեգեշն անգերեզման դիակի։

Այո՜, կուզեմ իմ այս վատնած ժամերես՝
Արյանըս գույնն ու ճակտիս շաղն ունեցող
Անձնուրացման նոր բողբոջում մհանել ձեզ,
Բողբոջ Գութի, Եղբայրության սիրաշող։

45 Սիրտս՝ սրտին, հոգիս՝ հոգվույն մեջ ձերին
Կուզեմ դընել, և մեկ մարմին, մեկ արյան
Թող ըլլա վիշտըս ձեր վըշտին հետ միասին․
Թող դո՜ւք ապրիք գաղափարիս մեջ տըժգույն։

Կուզեմ կըռվիլ ընդդեմ կյանքի հարձակման
50 Եվ վերք առնել լարին դիմաց, բախտին տակ։