Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/332

Այս էջը սրբագրված է

Երբ լացերո՛ւ փոխվին երգերն ալիքին,
Եվ դեռ ջանա մարդն իր շուքին հասնելու։

Երբ քաղելու համար լոկ վարդ մ՝հաճույքեն,
Կույր հոգիներ իրենց խուժող ոտքին տակ
55 Մանիշակներ, անմոռուկներ կոխկըռտեն,
Եվ խոցե բյուր սըրտեր՝ փառքի մը տենչանք։

Երբ դատարկված թանկ բաժակներ խընճույքի,
Դուրսն, աղքատին արցունքներո՛վ մաքրըվին․
Եվ ալիքներն ուրախության աղմուկի,
60 Սեմին վըրա խեղդեն լալյունն անսվաղին։

Երբ զինք մըշուշը ցույց տալու համար, վերն,
Արևուն վեհ ճակտին կառչի լըկտորեն.
Երբ ելլելու համար բարձունքն՝ հաղթ քայլեր
Ինկած կուրծքերն իրենց սանդուխ գործածեն։

65 Երբ օրենքին՝ քըմահաճույքն ըլլա ղեկ.
Եվ Արևմուտքը տակավին բավական
Ըստվեր երկնե՝ քող մ՝հյուսելու թանձըրկեկ
Արևելքի ցողերու վրա մըշտական։

Սուտը, դաժա՜ն ահե՜ղ հիդրա, երբ իրեն
70 Պըրկումներուն մեջ ճըշմարտին հեծել տա,
Երբ բրոնությունն իբրև լերան մը բազեն՝
Թըռչուններու տարմեր ընե խեղդամահ։

Ես այն ատեն, նորածին Մուսայիս՝ պարտակա՜ն,
Քընարազարդ իբրև առյուծ մը վըսեմ,
75 Շըղթաներուս մեջ Բնության, Մարդկության
Երեսն ի վեր ահեղորեն պիտ՝ մըռնչե՜մ

7 մայիս, 1904