Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/337

Այս էջը սրբագրված է

29. ՊՍԱԿՄԱՆ ԽՈՐՀՈԻՐԴԵՆ ՎԵՐՋ

Այսպես կըսե. «Ներսըս, կը զգամ, սերն ամբողջ
Կը խըտանա. լոկ բույր չէ այն և ոչ գույն,
Նույն ծաղիկն է՝ հագած մարմինը դողդոջ․
Կը զգամ թե բա՜ն մը կը դըպչի իմ հոգվույն։

5 Բացվեցավ քողը գաղտնիքին երազիս.
Կը հասկընամ՝ սա երգն էր սա՜ թըռչունին․
Ահա երկինքն իմ բոցերուս, սիրտն՝ ըղձիս,
Շարժմանս առեղն, արբեցությանըս՝ գինին։

Գետն իրեն հունը կը ճանչնա․ ծովուն գոգն՝
10 Ալ կը գըտնե անձրևը իր վիհն անչափ։
Հիմա շուրթերըս չեն ըսեր․ Ե՜րբ արդյոք․․․
Էությունս է՝ որ կը հըծծե՝ Ա՜հ, որչա՜փ։

Եվ չեմ ըզգար այլևս երազն ըստվերե․
Կը տեսնըվի՜ այդ երազն արդ իմ աչքին.
15 Ինծի համար ծարավն հիմա համբույր է,
Իղձը՝ վայելք, խոստումը՝ ուխտ, սերը՝ կին։

Ես կիմանամ թե մեկ չեմ, իմ մըտածման
Շուրջն ուրիշ լայն պարույր մըն ալ դարձած է․
Մեկ երակես կանցնի երկո՜ւ գիծ արյան՝
20 Եկած երկու համակեդրոն սըրտերե։

Կուրծքիս տակ կա սիրո կըշիռ մը տարտամ.
Ծանր է նըժարն ինձ պատկանող նըժարեն։