Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/338

Այս էջը սրբագրված է

Հիմա Աստվածս երկո՛ւ էջեն կը կարդամ.
Զույգ ճառագայթ հոգվույս վըրա կը փայլեն։

25 Հոգին ջահն է, և իր մեջի կրակը՝ հույս.
Իսկ մարդուս մեջ ջահակիրն է ըզգոն կինն։
․․․Այսօր կա ձեռք մ՛որ մերթ քայլերս վըհասույզ
Պիտ՝ հաստատե ճամբուն վըրա հավատքին։

Եվ այսպես ո՞ւր պիտի երթանք մենք մեզի.
30 Ի՜նչ վըճիռներ կը սպասեն, ո՜հ, մեզ անգի՜ն,
Մընաս բարով երե՜կ, օրեր երազի.
Ողջույն քեզ վա՜ղ, օրեր մութին, գաղտնիքին։

Անցյալն՝ ուր միշտ մեզ ամեն ձայն էր ավա՜չ,
Եվ մեր կոչման ամեն թիթեռ կը շտապեր,
35 Ուր դեպի ետ չէինք նայեր, ոչ առաջ,
Կյանքն իր գինին կու տար, սերը՝ չէր չափեր։

Ապագային՝ պիտի գըտնե՞նք այդ Անցյալ՝
Փոխադըրված մեր ուխտերուն հետ մեկտեղ․
Պիտի գըտնե՞նք զայն՝ վերածնած անայլայլ
40 Հոգյակներու մեջ կայտըռուն, վարսագեղ։

Տեր իմ, արդյոք մըրրիկներո՞վ պիտ հուզի
Ճյուղն որուն վրա հաստատեցինք մերին բույն.
Ո՞հ, արդյոք ի՞նչ տեսակ արև կընկլուզի՝
Մեր վաղորդյան հորիզոնին տակ մրափուն։

45 Սա նոր աչիքն ի՞նչ անդունդներ է ծածկեր.
Պիտի վըխտան մեր կամարին ներքևեն
Սիրո ծիտե՞ր, թե արյունի անգըղներ.
Ծաղկե՜ն կու գանք, մեզի փուշե՞ր կը սպասեն։

Կը մոտենա վայրկյանն ահա սարսուռի.
50 Պիտի բացվի առջի համբույրս իր ճակտին,