Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/345

Այս էջը սրբագրված է

31. ՆՊԱՏԱԿԻՆ

Երկայն ճամբան փոշելից է և քարոտ։
Ան՝ փուշերու և խիճերու մեջ՝ բոկոտ
Կը հառաջե։ Եվ իր չորս կողմն ամեն բան
Չորցած այրած է արևե մափրիկյան։

5 Ան կը քալե։ Ճակտեն քիրտեր կը հոսին,
Եվ միացած բոկ ոտքերուն արյունին՝
Հողն ու քարե՜րը ծիրանի կը ներկեն.
Կը գինովնա երկիր կամքի գինիեն։

Կայրի գըլուխն. արտևանունքն ու մազեր
10 Ճերմըկցած են․ հրատապ փոշի՜ն է ձյուներ։
Ամբողջ մարմինն հոգնութենե կը հակի,
Բայց կը քալե դեռ քաջ ճամբորդը կյանքի։

Ան՝ հոգվույն մեջ կը կըրե հույսն, ու սըրտին,
Սըրտի՜ն մեջ կամքն երկաթի պես պինդ, ուժգին,
15 Ու հեղեղի նըման հառաջ խիզախող,
Որ խոչ ու խութ կը տապալե ոտնակոխ։

Եվ կը քալե՜, կը քալե միշտ։ Իր ուժեր
Տեղի կու տան. պե՞տք է արդյոք գահվիժել
Սա Ժայռեն վար, ա՛լ վերջ տալու այս կյանքին.
20 Ո՛չ, ո՛չ, հառա՜ջ, դեպ նըպատակն ըղձագին...

․․․Բոց աչքերով ալ նըշմարեց ջուր, ծառեր,
Եվ բուրաստան (հույսին Եդեմ) և ըստվեր։