Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/51

Այս էջը սրբագրված է

Բերանն հազիվհազ բանալու տագնապին
Մեջ՝ կը դողան իրենց մատեր... կը սառին։
Ցավի, ողբի, ճիլերու մեջ, դեպի վար
Կը սայթաքին. հե՜գ թըռչուններ նետահար,
255 Որ չեք գիտեր հարվածն ուրկե՞ եկավ ձեզ,
Կը սարսըռաք, կը թավալիք աղեկեզ,
Եվ թըռիչնիդ ամփոփելով, շըվարած,
Գլուխնիդ կըծկած թևերնուդ տակ, լուռ, սառած,
Ձեր երգերուն արձագանգին մեջ, ավա՜ղ,
260 Կանշընչանաք։ Մութը կիջնե միապաղաղ,
Արտասվաթոր պատանքին մեջ, հողին տակ,
Արշալույսի մ՛ ըսպասելով՝ կը քնանա՜ք...
Կու գա Քրիստոս, կը մոտենա ձեր շիրմին,
Եվ վերքին մեջ մըխելով մատն երկնային,
265 Ձերին ճերմակ քարին վըրա, անայլայլ,
Արյուն գըրով ման կը գըրե.

— ՀԱՆԴԵՐՁՅԱԼ։


Ամպի մը տակ լուսինն հանկարծ կը մարի,
Կը լըռե հովն, ամեն աստղեր մի առ մի
270 Ասուպ կըլլան, կըլլան վարդերն ալ վերքեր։
Ո՞վ անանուն շիրիմ, դու որ անտարբեր,
Ու երազկոտ կը նայիս դե՞պի երկին՝
Մարդիկ այսօր, օ՜հ, գիր առ գիր լիզեցին
Այդ բառը քու քաքիդ վրայե սըրբազան,
275 Ահա ինչո՞ւ թե ճերմակ է մնացած ան։