Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/523

Այս էջը սրբագրված է

Ո՜հ, ինչ դժվար է ելլել այս սուրբ դարվերեն, մինչ վարն՝ վհի մը մոտ հեշտանքի հուրիներ զիս կը հրավիրեն և անծանոթ ոգի մը վայելքի նեկտարը կը պատրաստե։

Երակներուս մեջ՝ աշխարհը պիղծ արյուն մը խառնեց. անիծյալ սարդը իր ոստայնով՝ հոգվույս վարդը կաշկանդեց, ոտքերս ցեխոտ են, ի՞նչպես պիտի քալեմ ծաղկազարդ դաշտիդ վրա...

Պատկերդ, որուն հոգիս շրջանակ ըրած եմ, մաշեր է. վրան՝ տասնևինը տարիներուս ալիքները մռնչեցին։ Զայն՝ նորեն, նոր դրոշմ Է. այնպես մը՝ որ բարքի սպառնացող խավարը՝ հոն իր բորբոսը չի ձգե, որ կեղծիքի մըրրիկը չոռնա։

Ինչո՞ւ չես մերկացներ զիս փտած կեղևես, ինչպես բույսերը զայն կը թափթփեն, ինչպես օձը երբեմն իր հինցած շապիկը կը փոխե։

Ինչո՞ւ... դուն, որ հին աշխարհը նոր աշխարհի փոխեցիր, հեթանոս հեղեղը՝ քրիստոնյա հեղեղի, խավարի սաղմը՝ լուսո սաղմի և Կեսարի Քաղաքը՝ Պետրոսի Քավքին։ Դուն, որ իբրև կարմիր երկնքի նոր դաշտ մը՝ անկողինն եղար ինքնագո Արևուն՝. դուն, ո՜վ Խոհանք, ո՜վ Սեր, ո՜վ Խաղաղություն, ո՜վ սուրբ Նշան։

Արյան կաթիլ մը [ամբողջ] երկար դարերու անարգանքը վրայեդ սրբեց: Ամբողջ աշխարհը, որ շրթունքը ոտթիդ դրած կը դողդըղա՝ այդ կաթիլին մեջ լողաց ու մաքրեցավ։

Այսօր՝ բևեռե բևեռ կը հսկես և օր մը հյուլե միսկ հովանիեդ դուրս պիտի չմնա. ո՜վ անդորրի գահույք։ Երկնային խաղաղությանդ և սիրույդ մեջ՝ երկրային ամեն գահերը կը փշրվին։ Մեղքի և ոճիրի այդ ծփանքեն, արյան այդ հեղեղեն մի՛ սոսկար, մաքրե զանոնք...

Թերևս աշխարհս մոլորի արևուն շուրջը դառնալեն, և գիշերը մոլորի ցերեկվան տեղի տալեն՝ բայց քեզի հետևող մարդ անցորդը պիտի չմոլորի։

Կուզեմ ես ալ քեզի հետևիլ, քու ճամբեն [գալ] երթալ, եթե կուզես դուն խոպան դարձուր զայն, ծաղիկ մը, կաթիլ մը, ստվեր մը մի՛ թողուր, կուզեմ քու ճամբեդ երթալ, քու ճամբեդ։ Կուզեմ ծանրությանդ տակ ճզմվել և արցունքովս սրտես քեզի եղած մոռացոնքը սրբել... Թևերդ վրաս տարածե։

Ա՜հ, ինչ հեշտանք է ինծի՝ երբ էությունս՝ խորհուրդիդ մեջ շիթ—շիթ հյուծի, երբ ուղեղիս խորշերը և ապագայիս մութ անդունդները գաղափարիդ մեջ թաղվին։

Երբ ա՛լ աըևը ինծի համար չժպտի, երբ մարդկության մահվան կսկիծը ինծի համար չըլլա՝ կուզեմ որ ամայության, չորության մեջ լոկ քու քառաձև շուքիդ տակ մարմինս աճյուն դառնա, և սոխակ մը թևիդ վրա երզե. Խաղաղությո՜ւն, խաղաղություն և հանգիստ։

24 սեպտ. 1903