Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/541

Այս էջը սրբագրված է

[—] — Ուղղանկյուն փակագծերի մեջ ընդգծված են բնագրերում եղած այն բառերը, որոնք չկան ինքնագրերում կամ առանձին հրատարակություններում։

Քանի որ բանաստեղծությունների ինքնագրերը, մեկ-երկու բացառությամբ, պահվում են ԳԱԹ, Դ. Վարուժանի արխիվում, ապա ծանոթագրությունները չծանրաբեռնելու համար նշվում է սոսկ համարը, իսկ մնացյալ դեպքերում՝ համապատասխան ֆոնդը։ Կրկնություններից խուսափելու համար տրվում է միայն ժողովածուի կամ պարբերականի անունը։


ՍԱՐՍՈԻՌՆԵՐ

Մուրատ - Ռափայելյան վարժարանում սովորելու տարիներին Դ. Վարուժանը դպրոցի ղեկավարությանն է ներկայացնում բանաստեղծությունների մի ժողովածու, որից 16 բանաստեղծություն («Մուսային», «Հայր, օրհնե՛», «Ձյունե դագաղը», «Դաստիարակ», «Հաշիշ», «Տղաք, ներեցեք», «Մոխիրներուն առջև», «Վշտին», «Վիժածը», «Մուրացիկը», «Մեռածին համբույր մը», «Հավերժության սեմին», «Հիվանդ Է», «Ավազանին ձուկերուն», «Արյունոտ ճյուղը», «Չորս տարեկանի մը նամակը») 1905-ին տպապրվել Է Վենետիկի Մխիթարյան միաբանության «Գեղունի» պատկերազարդ հանդեսում։

«Սարսուռներ» ժողովածուն առանձին գրքույկով լույս տեսավ 1906 թ․ սկզբներին Վենետիկում։ Այս հրատարակությանն ավելացված Էին «Անհավատը» և «Երազ և խոհ» բանաստեղծությունները։

Ժողովածուի հրատարակության ժամանակ Վարուժանը Բելգիայում էր և հեռվից էր հետևում տպագրությանը։ Տպագրությունից հետո բանաստեղծը բազմիցս բողոքել է, որ հրատարակիչները ժողովածուից դուրս են թողել մի շարք բանաստեղծություններ։ Վարուժանը Մուրատ-Ռափայելյան վարժարանի տեսուչ Ստեփան Սարյանին 1906 թ. հունվարե 5—7-ին գրում է. «Մեծ ցավով կըսեմ, սիրելի հայր, թե վանքը քերթվածներուս հրատարակությունն այլանդակեց (նկատի ունի չտպագրվածները, իսկ տպադրվածների փոփոխությունները ցույց են տրվում բնագրային տարբերություններում — Ջ․ Մ.) վերջերս տպարանապետեն նամակ մը ստացա, նամակ այնքան ջլատիչ, որ կարող էր ամեն բանաստեղծություն բանազեղծության փոխել. միայն քանի քերթված (ընդգծումն իմն է — Զ․ Մ․) («Գեղունիի» մեջ հրատարակածները) առանձին գիրք ըրեր են որ հազիվ 50 էջ կըլլա...» («նամականի», էջ 41)։ Միաբանության անդամ Աթանաս Տիրոյանին նույն օրերին գրած նամակում «Սարսուռների» առթիվ դարձյալ պնդում է. «...Ոտանավորներուն 1/4-ը կհրատարակեն... »(«նամականի», էջ 42)։