Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/573

Այս էջը սրբագրված է

տուն մը կա ջնջված, այն տունը, ուր գեղանի հայուհվույն «ագո մեջքը» կերգվի․ (նկատի ունի 175—183 տողերը — Ջ. Մ.) չեք նեղանա հարկավ. հանդեսին մեջ ուր ամեն տեղ կմտնե, դժվար Է ատիկա դնել, գրքի մեջ՝ կարելի է» («Նամականի», էջ 279, 1909, մարտի 21-ի նամակից)։

Վիպերգի աղբյուրը XVII դարի պատմիչ Զաքարիա Սարկավագի ժամանակագրության մեջ հայերի գերեվարության մասին եղած մի հաղորդումն է։

Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ներսեհ Անդրիկյանի 1906 թ. հոկտեմբերի 16-ին Վարուժանին գրած նամակից երևում Է, որ պոեմի նյութը Վարուժանին վաղուց է հետաքրքրել. «Ազնիվ պարոն Դանիել Վարուժան, — գրում Է Անդրիկյանը, — կհիշե՞ք որ գյուղը, այն անմոռանալի օրվան մեջ, ուր քիչ շատ գրական խոսակցություն մ՛ունեցանք, խոստացա Ձեզի ղրկել պատմիչին ամբողջ այն կտորը զոր ոտանավորի մը մեջ խոստացաք փոխադարձաբար հավերժացնել։ Խոստումս ցարդ հետաձգելուս միակ պատճառն այն Է՝ որ մատենադարանապետը, Հ. Մկրտիչ, գյուղն էր, ինչպես գիտեք, և ինձ անկարելի եղած էր խնդրած պատմիչս գտնել, զոր հիմա առջևս ունիմ։

Պատմիչն է Զաքարիա Սարկավագ, որ յոթնևտասներորդ դարուն ապրած է. իր ժամանակագրությունը տպված է Վաղարշապատ, 1870 տարվույն։ Սույն տպագրության երեսուներկուերորդ էջեն է որ հոս կօրինակեմ վսեմ կուսին դրվադը. «Շահ Աբաս ի գնալն ի Խազուին, եհաս ի գիւղաքաղաք մի՛ որ ասի Եմխանայ...։ Եւ ըստ վաւաշոտ սովորութեան իւրոյ՝ հրաման եհան, զի ամենայն մանկամարդ կանայս եւ զաղջկունս ժողովեսցեն ի մի վայր, եւ նստոյց շուրջանակի հանդեպ միմեանց, եւ ոչ եթող անդ այր արու, այլ ամենեքեան կանայք էին և փոքրիկ տղաքներ։ էարկ սեղան յուտել եւ յըմպել եւ պարել. եւ ինքն ելեալ ոսկե բաժակալ գինի տայր նոցա. եւ որոց եւ սիրեր զկէս բաժակին ինքն ըմպեր, եւ զկէսն տայր նմա։ Եւ էր ընդ բազմելոցն կոյս մի գեղեցիկ՝ որ ոչ ուտէր, ոչ ըմպէր, ոչ խօսէր, ել ոչ ի վեր հայէր, եւ էր խօսեցեալ ընդ երիտասարդի միոջ։ Եւ գնացեալ Շահն մերձ առ նա՝ եւ կալեալ ի ծնօտից աղջկանն՝ ասէ. Աղջիկ դու, ընդ է՞ր ոչ հայես ի վեր։ Ուր ուրեմն հայեցեալ աղջիկն ի վեր՝ եւ բացեալ զբերան իւր՝ ասէ. Փատիշահում, դու եւս ի վեր հայիր»։

Պատմիչը այս աղջկան անունը չի հիշեր. ազատ եք ուրեմն ուզած անուննիդ դնելու: Երջանիկ պիտի ըլլա այն անունը զոր պիտ ընտրեք... պիտի անմահանա («Նամականի», էջ 246)։ Իսկ 1907, դեկտեմբերի 31 թվակիր նամակում Վարուժանը Ա. Չոպանյանին գրում է. «Վիպերգը վերջացուցի, և քարտիս հետ կղրկեմ։ Պոլիս եղած ատենս հայաստանցի պատանի մը իր քրոջ մասին սրտաշարժ պատմություն մըրած էր։ Այդ դեպքը «Արմենուհիես» բավական տարբեր էր։ Բայց ով կհուսար թե երևակայութենե երևակայություն ան զիս պիտի առաջնորդեր քերթվածի