Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/65

Այս էջը սրբագրված է

25 Ներկեցի շուրթս, և անցուցի ծարավս հուր։
Դևն երեսիս կատղած պոռաց. «Տեղի՛ տուր՝
       Թե չէ ըզքեզ կը խեղդեմ,
Թոքերուդ տակ կը ճըմլեմ սիրտդ անխընա,
Ճերմակ սավանդ վաղը կարմիր կը դառնա,
       30 Մահը կ՛Հանեմ քեզի դեմ։

Ագռավներու կեր կու տամ այդ սև աչքերդ,
Քաղցած օձի բերաններու երակներդ
       Կը հանձնեմ ես, տեղի՜ տուր։
Կը գողնամ քարն գերեզմանիդ վըրայե,
35 Որպեսզի մա՜րդ ըզքեզ բընավ չարտասվե,
       Անգութ եմ, տե՜ս, տեղի տուր»։

Պիտի չըտա՜մ։ Կըսմըթեցի, կըռփեցի
Թևն՝ որ ոսկրերս կը խորտակեր զերդ խեցի,
       Եվ մատերովս անխընա,
40 Բըզիկ բըզիկ ճանկըռթեցի դեմքն անոր,
Դողդըղացի, տառապեցա քըրտնաթոր,
       Եվ սուր ճիլով մ՛արթընցա.․․

Ա՜հ, արթընցա։ Եվ միտքըս շուտ մ՛ըշտապեց
Սըրտիս վըհին, դեռ Ան հոն տեղ էր, անեղծ,
       45 Յոթն արևի նըման ջերմ։
Դևն եղունգով լանջքըս շերտած էր տեղ տեղ.
Ուրախ էի՝ որ եղա զրահ մ՛արյունհեղ
       Անոր համար, Անոր դեմ։

Ո՞վ պիտ՝ կըրնար փետել հանել Զայն սըրտես՝
50 Ուր (ինչպես ա՜ստղը կապույտին ծոցեն ներս)
       Աղուցված է ա՜յնքան խոր։
Իր խարիսխներն ալի՜ք մըն ալ չի շարժեր,
Զի անհունին և բընության են կառչեր
       Անոնց ճանկե՜րը հըզոր։