Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/73

Այս էջը սրբագրված է

Եվ քանդակեց, քանդակեց,
Եվ քանդակեց, քանդակեց․
50 Մինչև որ բիրտ վայրենությունը քարին
Նըվաճվեցավ, և ահա գլուխ մը կընոջ
Մարմարին մեջ թարմորեն
Ծաղկեցավ բա՜րձըր շուշանի մհանգունակ։
Չըքնաղ էր ան, միանգամայն էր ահեղ․
55 Հելլենական արձաններու կուրությամբ
Կը հառեին խորունկ աչքերն՝ որոնց մեջ
Կարծես հոգին, անդունդն ի վեր մագըլցող
Կարիճի պես՝ կամաց կամաց կ՛երևնար։

Եվ քանդակեց, քանդակեց,
60 Եվ քանդակեց, քանդակեց...
Բանաստեղծն իր բազուկին տակ կենսադրոշմ
Կը փորագրեր կարծես քերթված մահավոր․
Խոր ծալքերուն մեջ կյանք առնող մարմարին
Մեն մի հարված դաշնակություն մէր քնարի,
65 Հանգ մէր, տուն մէր, և կամ էր շեշտ մօդասլաց։
Մեն մի հարված ռըմբագոռ
Ըմբոստ երգ մէր ոսկի մուրճով երգըված՝
Որուն Աստված երկընքին մեջ կունկընդրեր։

Եվ քանդակեց, քանդակեց,
70 Եվ քանդակեց, քանդակեց,
Ու ավասիկ ճոխ գանգուրներն այդ կընոջ
Զերդ ողկույզներ իրար խըռնված օձերու
Ուսերուն վրա թափեցան։
Կերտեց թիկունքն և թիկնամեջը շըքեղ,
75 Կերտեց թևերն ամազոնի՝ որոնք թե՝
Կարող էին արձակել
Ոսկի փըքինը սիրո,
Եվ թե հրաշեկ կայծակը՝ տեգ մահընկեց։

Եվ քանդակեց, քանդակեց,
80 Եվ քանդակեց, քանդակեց․․․