Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/75

Այս էջը սրբագրված է

115 Այդ ի՞նչ արձան, անունն ի՞նչ էր այդ կընոջ.
Գորգոնա՞ մէր, Հերա՞ն քինոտ, թե Իսիս.
Պատվանդանին վրա հրսկա
Փորագրեց. — Նեմեսիս:

Ահա երազն իր, կը շընչեր, կը խորհեր.
120 Իր երազն այդ մարմարեղեն՝ զոր երկար
Ատեն սըրտին հանքերուն մեջ ան կըրեց։
Արդարության և Վրեժի
Դիցուհին այդ աղջիկն էր իր կորովին
Զոր հըղացավ, ողնածուծովը սընույց
125 Այն օրեն վեր՝ երբ հըլությամբ հարսնացավ
Ժողովուրդին արյան հետ
Գիտակցությունն իր բեղուն։
Այլևս ի՛նչ փույթ թե մնաց թաղված օրերով
Արվեստնոցին դամբանական մութին մեջ։
130 Ինչ փույթ թե արդ ճակատեն վար կը հոսի
Բարի քըրտինքն հոգնության,
Եվ ուսերուն և գըլխուն վրա սևահեր՝
Իբրև ըլլար ջաղացպան մ՝ան՝ կը նըստի
Ճերմակ փոշին մարմարին.
135 Եվ խիտ երկար թարթիչներն իր կը նմանին
Աղավնյակի մը թևերուն ըսպիտակ․
Ի՛նչ փույթ թե ան, ա՜հ, չըտեսավ կույս գարնան
Լուսակարկաջ աղբյուրներուն մեջ ժըպտիլն,
Եվ չըքամեց դեռ խաղողի ողկույզներ
140 Բաժակին մեջ բյուրեղյա.
Կամ չըխառնեց գանգուրներն իր ասպետի
Բըլուրներուն վրա պարող
Աղջիկներուն հողմատարիկ վարսերուն։
Ո՛հ, ի՜նչ փույթ կյանքը մեռնող,
145 Երբոր երազը կապրի,
Երբոր երազն անմա՜հ է։

Մուրճը ձեռքին մեջ բանաստեղծն հաղթական
Արձանին խիստ աչքերուն մեջ կը հառի․