Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/76

Այս էջը սրբագրված է

Եվ անոնց մեջ կը ճանչնա
150 Ինքզի՜նք, ամբողջ, անթերի։
Կը ճանչնա սուրբ մարմարիոնն այն՝ որ առավ
Բազկին տակ կյանք, որ այդտեղ
Եկավ զանգված միր բըրտության մեջ նընջող
Եվ արթընցավ Դիցուհի՜.
155 Զերթ քարափերթ մըստրուկ ինկավ մուրճին տակ,
Եվ կանգնեցավ Վրիժուհի՜։

Ավարտած էր ամեն գործ․
Ահա մեջտեղն էր, Նեմեսիսը, կանգուն,
Պաշտըվելու, ընդունելու ողջակեզ
160 Այլևըս կա՜զմ և պատրաստ։
Այն ժամանակ քերթողն ուրախ, գոհունակ,
Քաշեց նիգերը, բացավ
Պղընձե դռներն հսկայական գավիթին․
Նույն ատեն լույս մը դեմեն
165 Երկինքն ի վար ա՜յնպես արձանն ողողեց՝
Որ դիցուհվույն մարմինը շուրջն ըսկըսավ
Ճառագայթներ արձակեր
Խըտղըտեցուց ճերմակությունն իրանին
Աչքերն աղվոր օրիորդի մոր դեմի
170 Պատըշգամին նըստած ժանյակ կը հյուսեր։
Ձյունեղեն ժայռ մէր կարծես՝
Որ կը ցըցվեր արևուն մեջ՝ հոլանի։
Կը թափեին ուսերեն վար, կուրծքեն վար․
Շողի հազար վտակներ, հազար ալիքներ։
175 Քերթողն անգամ մըն ալ անոր նայեցավ․
Եվ ճակատին վրա ճանչցավ
Անգամ մըն ալ դուստըրն իր հեստ արյունին։
Տըվավ համբույր մերկյուղած
Մեջտեղն անոր ծիծերուն,
180 Ուրկե մընաց շըրթունքներեն վար առկախ
Լույսի կաթիլ մը՝ վաղվան
Նոր վրեժներու արգասիչ։