Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/77

Այս էջը սրբագրված է

Հետո նետեց ծանրակիր մուրճը ձեռքեն.
Թևը սոթտված պատվանդանին վրա դըրավ.
185 Եվ գըլուխն ալ թևին վրա.
Եվ իբր առյուծ մը պառկող՝
Հոգնած, քըրտնած և վըսեմ,
Աստվածուհվույն ոտքերուն տակ քընացավ։
Ժողովո՜ւրդն է, ժողովո՜ւրդն է, որ կու գա․
190 Ճամբաներուն, փողոցներուն մեջ Քաղքին
Գետեր են որ թըխակոհակ կը հոսին․
Հարստահարված ժողովուրդն է որ կու գա․
Անոնք տեսան Նեմեսիսի վեհ արձանն,
Եվ քուրմեր են, վրեժի քուրմեր, և ահա
195 Անո՜ր, անո՜ր կը դիմեն։
Գործատունեն, թիարանեն, բանտերեն
Գըրոհ կու տան։ Արյունոտ են և քաղցած։
Դեռ բեկորներ շըղթայի՝ զոր ջարդեցին,
Մերկ ոտքերնուն հետ ընդքարշ
200 Սալհատակին շըռինդ շըռինդ կը հընչեն։
Ոմանք սակրով, ոմանք մուրճով են զինված․
Դեմքերնուն վրա արյունռուշտ
Կը փայլակե կատաղությունն՝ հեռուեն
Մերկացնելով մարգարտաշող կըճըրտումն
205 Ակռաներնուն մարդու միսի անոթի։
Մերկ են կիներն իրենց ամբողջ ծիծերով,
Եվ մանուկները՝ բոպիկ՝
Որոնց տըժգույն ճակատեն
Գարունն ընդհուպ կը թափթըփի վարդ առ վարդ
210 Դեռ չավարտած իր բողբոջումը առույգ։
Ատելության գոռուկոչ մէ՝ կը պոռթկա,
Կը տարածվի պողոտայե պողոտա
Քաղաքին մեջ բովանդակ։
Ամեն շըղթա կը բեկտիք
215 Եվ կը փըլչի ամեն բանտ․
Հրապարակին մեջտեղ կրակի կը. տըրվի
Կառափնարանն՝ հերոսներուն արյունեն