Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/78

Այս էջը սրբագրված է

Վարդակարմիր և ճարպոտ,
Եվ իր մեծ բորն երկնոլոր
220 Ամբոխներուն գիտակցության կըլլա ջահ։
Ամեն խըրճիթ ըմբոստ մը դուրս կը պոռթկա,
Ամեն շիրմե նահատակ մհաղթ կը հառնու
Նո՞ր միսով, նո՞ր ըղեղով, նո՛ր զենքերով
Ըսպառազեն։ Ժողովո՞ւրդն է հող կըրծող․
225 Մինչև մեջքն իր՝ տիղմին մեջ
Ուրիշներուն դըղյակ շինող ամբոխն է՝
Որ ոտքի միակ մոլեգնադռույթ ոստումով
Նույն իր խորունկ գերեզմանին քարին վրա
Ահավասիկ կը կանգնի։
230 Եվ մարդկային օվկիանն այդ փըրփրագոռ
Կեռա խորքերն իր մըռայլ.
Եվ ալիքներն հառաջ կերթան մահադող․
Եվ կը թըքեն իրենց փըրփուրը հորձքի
Պալատներուն մինչև քիվներն, ու մինչև
235 Ճակատն արփվույն անտարբեր։
Քըրջավո՛ր են, ահավո՛ր են, բայց այսօր
Հանճարներու, դարերու
Ամբողջ մտածումն, ամբողջ վաստակը խըմող
Գաղափարին արծիվի թևն ըսպիտակ
240 Եկավ դըպչիլ անոնց դեռ կույս ճակատին։
Եվ անոնք ուղխ ճամբարներե հավաքված՝
Այսօր ունին վըսեմությունն օվկիանի.
Եվ կը մռնչեն, կը հայհոյեն, կաղոթեն,
Կը հայհոյեն վերըստին։
245 Կը մըրմըռան բըռնության դեմ ծուփ առ ծուփ.
— Վըրե՜ժ, վըրե՜ժ, նեմեսի՜ս։

Եվ Նեմեսիսն հո՞ն է, հո՞ն է մխիթարիչ
Քենն երկնային, ձյունափարփառ մարմինն իր
Լուսնակին պես ալիքներն այդ կը քաշե
250 Դեպի ծոցն իր մայրենի։
Եվ ժողովուրդն արձանին շուրջ կը դիզվի