Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/82

Այս էջը սրբագրված է

355 Հերո՜ս մըն է, պերճահասակ քըրմապետ
Նեմեսիսին կուսական,
Եվ անձնուրաց նախախնամող մարդկության։
Արևը դեռ չըմեկնած
Ճաճանչներն իր ամփոփեր է շեշտուղիղ
360 Անոր կուրծքին կարմրաբորբ,
Ցայտեցնելով զենուզարդեն պաղպաջուն
Ճառագայթներ՝ նման բամբշի մը գըլխուն
Ծամակալ մեծ ասեղներն։
Արյուն մահա կը կայլակի տակավին
365 Իր գոտիին արդարադատ կեռ սուրեն։
Կու գա՜, — ճակատն իր արդեն
Շաղկապված դափնիով։
Փայլերը ծանըր՝ փառքեն,
Եվ բըռնությունը ճըզմելեն՝ տենդակոխ
370 Ահավասիկ կերկփեղկեն
Ժողովուրդն այն խոնարհած
Ատելության և աղոթքին բեռին տակ։
Նեմեսիսին ձոնելու
Ան իր նըվերը ունի.
375 Գըլխուն շուրջեն կարձըկե
Դափնեպըսակը՝ զոր կույսերն որբացած
Շիրիմներուն նըստած տըրտում շուքեն տակ
Իրեն համար հյուսեցին․
Կ՛արձըկե զայն և ձախ ձեռքովը բըռնած
380 Բուրյան ճյուղին մեկ ծայրեն
Մյուսովը զայն կը մերկացնե, սըփռելով
Իր սաղարթներն օդապար
Աստվածուհվույն ոտքերուն վրա անարատ,
Որոնցմե հա՛տ մ՝աղվոր տերև մ՝արյունոտ,
385 Կ՝երթա կիյնա արձանին տակ քընացող
Քանդակագործ բանաստեղծին ճակտին վրա,
Որ գրավված նո՛ր Տեսիլներով երազի
Այդ հըպանցումը փառքին
Ամենևի՜ն չիմանար։