Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/85

Այս էջը սրբագրված է

Եվ նվիրական, հավերժական զանգվածով
Զանոնք խառնե և խըմորե և ձուլե
65 Եվ ըստինքովդ ապրեցուր։
Այնպես որ՝ քու մայրենի
Ճաճանչավուխտ թև թռիչներուդ տակ ամփոփ
Տաքնա՜ մեր հողն, և բլուրներուն վրա խայտան
Գարուններն հին, Նավասարդները՝ լեցուն
70 Մարտիկներու վահաններուն կոփյունով,
Մեր արծիվներն և ուրուրները՝ թողած
Ճախճախուտները նըվաստ՝
Կայծակներու թառերուն վրա կըռընչեն․
Էգ առյուծներն ու Էգ վագրերը բոլոր՝
75 Մայրագորով լիզումով՝
Ըլլան կայտառ հայկակներու կաթընտու․
Մեր ամպրոպները (լեցուն
Ըստվերներովն երգիչներուն գողթական)
Սըրտին մեջ հայ քերթողին
80 Փոխվին երգի ու չափվին
Կայծակներու շեշտերով․
Բանվորն հեստի՜, հեստի՜ գեղջուկն ու այգուն՝
Երբ իր քայլերն ուղղվին դաշտերն ավերված,
Արշալույսեն արյունի հոտը առնե
85 Եվ արյունի՜ ծարավի․
Շունչիդ զեփյուռն ու ճառագայթն աչքերուդ,
Նըման գարնան մեր տան շեմերը պըճնող,
Թող ճամբորդեն հյուղե հյուղ,
Բնակարանե բնակարան․
90 Կանգնի՜ն այրերն ու մայրեր,
Շերը կանգնի՜, կանգնի՜ տղան․
Ու ամեն ոք Ազգին սիրով լոկ արբշիռ,
Ազգին ոգվով հաղորդված
Ա՜յնպես վառի, ապըստամբի, բորբոքի,
95 Որ Թորգոմա Տունն ըզգա
Թե իր օճախը մարած՝
Այսօր հրաբուխ Է դարձեր։