Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/86

Այս էջը սրբագրված է

4. ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐՈԻՆ ՄԵՋ


Ա


Ըլլա լացի, համբույրի,
Հիշատակի, մըտածման,
Մըռընչելու համար ըլլա, օ՜ն, մըտնենք,
Մըտնենք հըսկա քաղաքն հըսկա աճյունի,
5 Մըտնենք Շիրիմն հայության...

Ողջու՜յն, Անի, գերեզմնոց,
Ուր կը փըտին ոսկորներն հաղթ Անցյալին,
Ողջու՜յն, Անի, օրորան,
Ուր փլուզի տակ, կարիճի սև արյունով
10 Մեր Ապագան կը մեծնա.
Ողջու՜յն, Մեռե՜լ, Մա՜յր, ողջու՛յն.
Ահա կու գամ, ես վերջին
Նորաբողբոջ գըլուխը հայ Հիդրային,
Կու գամ կյանքիդ փառքովը մա՜հդ օրորել.
15 Ըսել, թե մեծ եղար դու,
Կամ մեծ խոստումը մեծության, դու եղար
Լուսակայլակ պողպատ ըստինք մորուն դեմ,
Խուժդուժ ցեղերը ծըծելու դեռ անվարժ՝
Եկան նոթի լընդերն իրենց ջախջախել.
20 Ծեր Ասիո շեմին վրա դու եղար
Երեք դարու սիրտն՝ եթե Հույնն ըղեղն էր,
Սիրտ կենսաբուխ՝ որուն աչքերն հառած պիշ՝
Նենգ Բյուզանդիոնն, այդ բոզորդին Հըռոմի
Քեզ կը դավեր լափլիզելու ախորժով։
25 Եվ ան դավեց և ան հաղթեց. ու ավա՜ղ,
Երբ դրոշակն իր ցըցված տըխմար արքայիդ