Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/101

Այս էջը սրբագրված է

հոգեբանութենեն և պահանջներեն։ Միայն այս շավղով տերություն մը կը մտնե իր իսկական իմաստին մեջ, կըլլա մարդկային, ընկերական բնազդներեն ծնունդ առած և անոր հառաջդիմության ձկտումներուն ծառայող կազմակերպություն մը. դեռ ավելին կը պահանջվի իրմե, չի բավեր ընկերության մեջ գոյություն ունեցած իրավունքներն և արդարությունը ոտնձգություններու դեմ պաշտպանել, այլ նույնիսկ ջանալ արդարությունը մտցնել ընկերության խավերուն և անիրավված դասակարգերուն մեջ։ Տերությունն ալ իր հեղաշրջումները ունի համեմատ այն քաղաքացիներուն զարգացման, որոնցմե իր գոյությունն ստացավ։ Մշտապես պահպանողական տեսություն մը ուրիշ բռնակալություն մը պիտի ըլլար, զոր հեղափոխություն մը անկարելի է, որ չգա տապալիլ։ Հարատև վերածնող տերություն մը լոկ կրնա իր քաղաքացիներու հետ քալել, որուն հետ միասին անհատը կրնա առանց վնասվելու հարաբերության մեջ մտնել և հանձնել անոր ձեռքը իր անձին և իրավանքներուն պահպանությունը։

Հարկատվությունը մեկն է և ամենակարևորն է այն պարագաներեն, վիճակներեն, որով անհատը տերության հետ հարաբերության մեջ կը մտնե։ Տերության օրինավոր գոյությունը միայն հարկատվության օրինավորությունը կարդարացնե։ Անհատը իր աշխատության արդյունքին մեկ մասը կառավարության տալով՝ պետք է հաստատ երաշխիքը ունենա, թե ինք կուգա հասարակաց բարիքին օժանդակելու, կուգա ծառայելու հայրենիքին պաշտպանության, անդորրության և հառաջդիմության համար, որոնցմե կամ իր նյութական շահը կախում ունի և կամ իր հայրենասերի, ընկերասերի զգացումները կը սնանին և հագուրդ կառնին։ Սխալ է կարծել, թե ուղղակի մեր տուրքին փոխարեն, իր անձնական շահուն համար է, որ տուրք <կուտա> անհատը։ Այսպես խորհիլը հարկատվությունը կը վերածե բոլորովին ենթակայական <դրության>։ Տերությունը ընկերության ամբողջությանը միայն պարտական է, անհատը այդ ամբողջության մեկ մասնիկը ըլլալով՝ անոր հետ է, որ կօգտվի կամ անոր հետ կը վնասվի և մերթ կրնա ըլլա, որ իր շահը ընկերության շահերին ներդաշնակվի