Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/104

Այս էջը սրբագրված է

մովսեսականութենեն կանցնի քրիստոնեության մեջ։ Եկեղեցականները անոր աստվածային ծագումը կը պնդին և զայն կը ջանան դարձնել իրենց մենաշնորհը, թեպետև միջին դարու մեջ աշխարհական իշխանությունը եկեղեցականութենե անկախ ինք իր կարգին կուգա տասանորդ հավաքել և տասանորդական դրությունը կըլլա ավատական տնտեսական կյանքին մեկ հատկանիշը։ Արդեն այսչափը բավական <է> ցույց տալու, թե մեր երկիրը ի՜նչ տեսակ հնադարյան և բռնապետական սովորության մը ներքև է, որ մինչև ցարդ կը հեծե, տալով տասներորդ մասը ոչ թե միայն իր կալվածական բերքերուն, այլ իր ամեն տեսակ անասուններուն, նախիրեն սկսյալ մինչև հավեղենները։ Մարդ, եթե աչքի առջև բերե մանավանդ հա՜յ ընտանիքի մը հատուցած տուրքերուն ամբողջությունը, պիտի տեսնա թե մեկը այն մոխրասփյուռ ճամբաներեն, ուրկե սովին ստվերը սովոր է ամեն տարի գալ իր այցելությունը ընելու։

Տուրք ամեն տեսակ եկամուտի, տուրք ընտանի անասուններու, տուրք երկրագործական գործիքներու, տուրք բանջարերեններու, տուրք զինվորական կամ գլխահարկ, տուրք պատերազմի, տուրք սպառման իրերու, որոնց մեկ մասր կը կազմե հանրային պարտքը։ Այս տուրքերուն հավաքման եղանակը ամենեն կամայականն է և կեղեքիչը։ Բացի կառավարական հարկահաններեն յուրաքանչյուր պեյ, յուրաքանչյուր քյուրտերու ցեղապետ կուգա իր կարգին հարկ վերցնելու։ Ո՛չ որոշ ժամանակ կա և ո՜չ որոշ չափ։ Կեղեքչին ախորժակը բավ է չափը և ժամանակը ուզածին պես որոշելու։ Հարկահաններու ոհմակներ, պաշտոնական թե անպաշտոն, կը մտնեն գյուղը՝ իրենց հետնորդներովը և իրենց ձիերով։ Գյուղացին օրերով ստիպված է կերակրել այդ մարդիկը իրենց գրաստներով, որոնք չեն քաշվիր երկարաձգել իրենց (sejour[1]) ծծել ու կողոպտել ուղածնուն պես և ավելցած պարենը հետերնին տանել իբրե տուրք։ Ա՜յն տարին երաշտը փծացո՞ւց ցանքդ, հիվանդությունը սպաննեց քանի մը ոչխարներդ, տաշտդ պարա՞պ և ախոռդ ցո՞ւրտ է․ ի՜նչ հոգ անոնց համար, պետք ես վճարել կառավարության

  1. Կենալը, մնալը, ապրելը, բնակվելը: