Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/11

Այս էջը սրբագրված է

2. ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՄԵՋ

Կանուխ էր․ արևը տակավին չէր ծագած։

Գերեզմանատան մեջ կը թափառեի միայն։

Տխրություն մը կը պատեր չորս կողմս, որուն դառնությունը հոգիս միայն կզգար․ մոլորուն ստվերներ կուգային կանցնեին առջևես՝ մերթ գալարելով և մերթ ալ պարզվելով։ Իրա՛վ, որքան որ անվախ էի, և սակայն դարձյալ մեռելոց ուրվականներու երևակայությունը զիս կը տանջեր. անգո՛ւթ նախապաշարում։

Ամեն կողմ սարսռազդեցիկ լռություն մը կը տիրեր, մեռելական խորհրդավոր լռությունն էր այն, զոր երբեմն — երբեմն բուերու դիվային քրքիջը կը վրդովեր և ցուրտ հով մը, որուն շունչովը ծառոց և թփոց սաղարթները կը հեծկլտային՝ կարծես սգակիր հոր մը հեծեծանքին նման։

Այս մե՞ր գերեզմանատունը թեև իսլամական գերեզմանոցի մը բնականի աղվորությունը, խոր մելամաղձոտությունը չուներ, ասով հանդերձ դարձյալ հոգիս կուլար՝ թափառելով անոր անհուն սուգին մեջ, և սիրտս կը փղձկեր անոր առթած սև—սև երևակայությանց ահավորությանը մեջ։ Իզուր մարդիկ կը ջանան զարդարել մեռելաթաղերը․ իզուր մահարձանները գեղայորեն կը քանդակին և շիրիմներն իզուր ծաղկեպսակներով և վարդերով կը պճնեն․ գերեզմանատունն երբեք չի դադրիր տխրության մեջ համակված մնալե․ անիկա միշտ սև ու սուգ է։ Անոր դռներն աշխարհիս Առաջին մարդը բացած է և Վերջին մարդը պիտի փակե։ Հոն կյանքի ունայնը կը սավառնի և մահվան ցուրտը․ հոն ծաղիկը մելամաղձոտ է, զեփյուռը՝ հեծող, սոխակը՝ ողբերգու և լուսինը՝ լալկան․․․

Մտածումներ կը պաշարեն միտքս․ կը մտածեմ աշխարհիս վրա, կը մտածեմ պանդուխտ մարդկության վրա և կը գոչեմ