Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/119

Այս էջը սրբագրված է

Հետո կըսեք դարձյալ Ձեր մուրացկանության արտոնագիր-նամակին մեջ․ «Ես կը զարմանամ իմ տաղանդ ունենալուս վրա․․.»։ Իրավ որ ես ալ կը զարմանամ։ Բայց քիչ մը ուշադրությամբ նայինք երկուքս ալ․ շատ կարելի է փոխանակ տաղանդի՝ կաղամբ ըլլա Ձեր ունեցածը։ Եվ ինչպե՞ս կարելի է որ, բարեկազմ, Դուք տաղանդ ունենաք։ Ձեր ճակատը երբեք չհամբուրեց Աստված․ Դուք միմիայն ծառայեցիք մամոնային։ Ձեր կյանքը ծանոթ է ինծի․ Ձեր ականջները ուղղվեցան մետաղի հունչին․ բնության աստվածային ներդաշնակությունը և մարդկության մեծ Սրտին բաբախյունը լսելու նրբությունը չունեցան Ձեր ականջները։ Դուք չտառապեցաք բնավ Մարդկության և Ձեր անձին հոգեկան ցավով․ վիշտը սրաներուդ մեջ կարմիր ակոսներ բացած չէ, որոնց մեջ միայն լույսը կրնա բեղմնավորիլ։

Անկեղծ չէ Ձեր գիրքը։ վասնզի Ձեր կյանքին մեջ անկեղծ չեղաք Դուք․ և երբ բանաստեղծությունն անկեղծ չէ՝ բանաստեղծություն չէ։ Դիմակավոր մարդերուն երեսը չի լուսավորվիր արևեն։ Ձեր տողերը Ձեր սրտեն պետք էին ելլել, Ձեր երակներեն պետք էին բխիլ։ Արվեստի գործ մը հեղինակին սրտեն փրթած փերթ մըն է՝ թարմ, արյունով և կյանքով դեռ բաբախուն։ Մայր ըլլալ և բանաստեղծ ըլլալ միևնույն բանն է՝ երկուքն ալ արյունելով կը բաժնվին և կանմահանան ուրիշ էակներու մեջ-մին կապրի տասնի մեջ, իսկ մյուսը կապրի միլիոններու մեջ։

Նամակս վերջացնելե առաջ հարցնեմ Ձեզի․ ինչո՞ւ հատորով մը աճապարեցիք հրապարակ հանել Ձեր հնահավաքի քուրջերը․․․ «ծառայությա՞ն մը համար» պիտի ըսեք․ ո՞չ, փառքի՛ համար, բարեկա՞մ․ Դուք ներբողի ծարավն ունիք։ Բայց խնայեցեք գոնե հայ գրականության, հայ մատենադարաններուն, որոնց մեջ պիտի երթա թառիլ Ձեր դիրքը՝ գուցե Եղիշեի մը, Ալիշանի մը կամ Ահարոնյանի մը քովիկը։ Հայ պանթեոնի մը կտուրին վրա մի՛ ծրտեք, քերթո՞ղ։ Դուք բաղձացիք, որ ըսեն․ «Կտեսնե՞ք սա վարսագեղ պարոնը, արվեստագետ մըն է, քերթող մը, որ աղվոր բաներ կը գրե»։ «Օ՜, իրա՞վ կ՛ըսեք, որչա՞փ պիտի փափաքեի, որ զիս սիրեր, զիս օրիորդ Նազուկս»։