Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/124

Այս էջը սրբագրված է

ամբողջացած լեզու մը։ Ամենեն ավելի ուռճացած կը գտնեմ քերթողական լեզուն, որ ուղղակի զարգացավ հայ ժողովուրդին շունչին տակ՝ ջանալով պատկերել հայրենիքին ցավերը, ըմբոստացումները և հեռանկարը իր բովանդակ լուսաստվերով։ Ժողովուրդին ջղագրգիռ, գերազգայնիկ և արյունահեղց ծոցին մեջ սաղմնավորեցավ այդ լեզուն, և ան ամենեն ավելի հարազատ կերպարանքը կը ներկայացնե Եղիշեի բարբառին։ Վարդանանց դարը և Ֆետայիներուն դարը, որքան եղերական եղան՝ այնքան ալ հերոսական են։ Այդ երկու դարերն ալ տվին իրենց մեծ ու պզտիկ դյուցազներգությունները։ Եվ դյուցազներգություններն են, որ լեզվին ապահոված են վերջնական հաղթանակը։ Այսպես եղած է գրեթե բոլոր ազգերու լեզվական պատմության մեջ։

Ռուսահայ լեզուն ծայրահեղորեն ժողովրդական եղավ այն օրեն ի վեր, երբ ռուսահայ վիպագիրները միշտ մարմաջն ունեցան ժողովո՜ւրդը նկարել և անկե՜ հասկցվիլ։ Թրքահայ վիպագրությունը ընդհակառակը անմատչելի բռնեց ինքզինքը ժողովուրդին մեծամասնութենեն, հետևաբար գավառներեն։ Թլկատինցիի և Ռ․ Զարդարյանի նման բացառությունները մեկ ձեռքի մը մատներուն վրա կրնան համրվիլ, թեպետև անո՜նք ալ տակավին չեն կրցած ամբարել և գործածել ամեն ինչ, որ ժողովուրդին ներշնչման կը պատկանի։ Եթե մեր աշխարհաբարին այժմյան ձևովը գավառի կյանքեն վեպ մը փորձենք գրել, պետք ենք վստահ ըլլալ, թե պիտի չհաջողինք, անոր միայն մանրանկարը պիտի կրնանք տալ։ Պատճառը բացորոշ է. մեր աշխարհաբարը թեպետև այդ կյանքեն ծնունդ առավ, բայց իր զարգացումը անկե հեռու և անոր հակոտնյա ուղղությամբ տեղի ունեցավ։ Ան չունի իր մեջ ո՜չ հարկ եղած բառերը, ո՜չ ասացվածքներն ու երանգները՝ գավառի հոգեբանությունը նկարելու համար մշտորեն։ Վեպը և թատրերգությունը բանաստեղծություն չեն։ Անոնք պետք է վերարտադրեն ու նկարեն ժողովուրդին հարազատ սովորություններն ու հոգեբանությունը։ Բայց մենք ի՜նչ ունինք մեր երանգապնակին վրա․ Իհարկե ո՜չ Վասպուրականի որդան կարմիրը, և ոչ Կարիրայի կավն անուշաբույր։