Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/129

Այս էջը սրբագրված է

կը խոսվին որոշ զանգվածե մը․ պարագա մը, որ ըստինքյան կարդարացնե այս կամ այն լեզվին գոյության և կիրառման իրավունքը իր ներքին հատկություններուն և քերականական հիմնական ձևերուն մեջ․ և այդ հատկությունները, այդ հիմնական ձևերը իրենց գլխավոր գիծերուն մեջ ժողովուրդին հետ միայն կրնան բարեշրջվիլ և նոր կերպավորումներ ստանալ։ Այլապես՝ մարդիկ, կաճառներ, անզոր են լեզուներու ճակատագիրը որոշելու․ իրենց վճիռներուն ուրիշ բան չէ վիճակված, բայց եթե Չերազյան Քերականության անփառունակ թաղումը, իհարկե առանց տապանագրի։

Դիցուք թե վայրկյան մը անտեսենք այդպիսի ձուլումի մը երեք գլխավոր արգելապատճառները, — ժողովուրդը, դրական անցյալը ու երկու լեզուներուն մեջ եղած խորունկ տարրերությունները և արևելյան ու արևմտյան բարբառները նետենք մեկ հալոցի մեջ․ ի՞նչ առաջ պիտի գա․ անկերպարան միգամած մը, լեզվական խառնակություն մը, ալքիմիական բաղադրություն մը՝ ուրկե իհարկե ոսկի պիտի չստանայինք։ Ավելի մեղմն ըսենք, — նոր լեզու մը՝ անսովոր թե ժողովուրդին և թե գրագետներուն, որուն ուսուցումն ու ընդհանրացումը ապահովող ինչ հեղինակություն, ի՞նչ երաշխավորություն պիտի տրվի մեզի՝ մենք չգիտենք և չենք կրցած նախատել տակավին։

Իսկ գալով ձուլումի մը, որ կը կատարվի բարեշրջման օրենքով, այդ հեռավոր ապագայի մը գործն է անշուշտ․ և այժմեն իսկ (enquete-ին բառով) պայմաններ առաջարկել ապարդյուն է բոլորովին։ Բարեշրջման օրենքը կը հպատակի ժողովրդական ամբողջ զանգվածներ ցնցող մերթ կամավոր և ստեպ անգիտակից շարունակական դեպքերու, որոնք ոտն առ ոտն կուգան կերպարանափոխել այնպիսի հանգամանքներ և խնդիրներ, որոնց վերջնական լուծումը առաջվնե նախատել գրեթե անկարելի է, հետևաբար այդ մասին պայմաններ առաջարկելն իսկ անճահ և անպատեհ։

Անուրանալի է, որ երկու բարբառներուն մեջ ալ գոյություն ունին շատ մը մեկմեկե առավելություններ և գեղեցկություններ։ Մեր կարծիքն է, որ երկու կողմի գրագետներն ալ աշխատին փոխ առնել և օգտվիլ այդ գեղեցկություններեն։ Ատիկա