Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/130

Այս էջը սրբագրված է

միմիայն պարզ մերձեցում մը առաջ կը բերե երկու լեզուներուն միջև, մերձեցում մը, որ ձուլումե մը առաջ գալիք խառնակութենեն հեռի ըլլալե զատ՝ շատ բարերար, շատ օգտակար ազդեցություն կրնա ունենալ երկու գրականություններուն վրա հավասարապես։

Ա․ Ահարոնյան իր գրական վերջին շրջանին մեջ՝ ըսվեցավ թե՝ շատ բան առավ արևմտյան աշխարհաբարեն։ Մեր կարծիքը տարբեր է այդ մասին։ Ա. Ահարոնյան ուրիշ բան չըրավ, բայց եթե իր ռուսահայերենը մաքրել օտարաբանութենե և ժողովրդամոլութենե։ Արևմտյան աշխարհաբարեն ընդհակառակը շնչին բան մը յուրացուց՝ որչափ որ կրցան յուրացնել մեր այժըմյան կարգ մը գրողները արևելյան բարբառեն։ Ա․ Ահարոնյանի ամենեն ուշագրավ գործը բառերու ճաշակավոր և հարմար ընտրությունը եղավ, դասական բառընտրություն մը, որ աշխարհաբարեն ավելի, մայր լեզվեն, գրաբարեն փոխառություն մը կը նշանակե միայն։

Վերջացնելե առաջ այս պատասխանն ալ ըսենք թե երկու, բարբառներու՝ արևելյան և արևմտյան, և իրենց ուրույն գրականություններուն հավասարազոր գոյությունը ոչ մեկ անպատեհություն չունենալե զատ՝ ան հայց եղին հոգեբանության զանազան երեսները ցույց կուտա ու անոր այլազան կարողություններն ու գեղեցկությունները կը պրիսմակե։ Ի՞նչ անպատեհություն կընծայե ֆրանսական ուռհացած լեզվին քով՝ փրովենսիալ բարբառին և գրականության գոյությունը։ Երկու բարբառները արգելք մը չեն, որ հայ տարրին երկու հատվածները զգացումով, իտեալով, հոգեբանությամբ ներդաշնակ ապրին իրարու հետ։ Եվ ո՞չ ապաքեն ամենեն ավելի գեղեցիկ ներդաշնակությունը զանազանության մեջ կը հորինվի։