Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/137

Այս էջը սրբագրված է

Անգամ մը ևս կընդունի՞ Բեռը եթե ըսեմ, թե նույն Կատարինեն (Հյուսիսի Շամիրամը՝ ըստ Վոլթեռի) թղթակցեցավ և իր մոտ կանչեց նաև Տիտրոն, տԱլամպերը և Վոլթեռը, որպեսզի անոնք ալ կրթություն տարածեն. բայց այսպես թե այնպես անոնք մերժեցին այդ հրավերը։ Արդ՝ եթե արքայականե մը իբրև կրթիչ հրավիրվիլը փաստ մըն է հրավիրյալին մտավոր կրթիչ մեծության, պետք է նաև ընդունիք Վոլթեռի մըն ալ այդ մասին ունեցած մեծություը. բայց գիտեմ դուք չեք ընդունիր (վասնզի ժեզվիթ եք). ո՛չ Վոլթեռի, ո՛չ Տիտրոյի, ո՛չ տ՝Ալամպերի և ոչ ալ բոլոր Հանրագիտականներու հսկա դերին ազնվությունը, որոնց առաջ բերած արդյունքը ոչ թե միայն Հյուկոներու Ֆրանսան ազատագրեց, այլ նաեւ ֆերրերներու հայրենիքը փրկեց այն բարոյական շղթաներեն, որոնց դուք խնկարկուներն եղած եք մինչև ցարդ։

Անգամ մը ևս կ՝ընդունի՞ Բեռը, եթե ըսեմ թե ֆրանսերեն լեզվի ազդեցությունը, զոր ժեզվիթները տարածեցին Ռուսիո մեջ, եղավ անխոհեմ չափերով։ Մայրենի լեզվին դերը փոքրացնել աշխատեցան, ինչ որ աղետավոր արդյունք տվավ հետո՝ ռուս բարբառին և գրականության համար։ Ֆրանսամոլությունը տարածվեցավ ազնվականության սալոններու մեջ։ Ռուս լեզուն այլանդակված ֆրանսերենի մը գերին դառնալ սկսավ։ Եվ հետո որչափ որ խոհեմ գրիչներ պայքարեցան այդ այլասերիչ մոլության դեմ, սակայն ռուս լեզուն պահեց իր մեջ ֆրանսերենի ազդեցությունը՝ հակառակ իր բնիկ սլավ լեզվական տարրերուն, բան մը, զոր լավ կերպով կը պատկերացնե Թոլստո իր «Պատերազմ և խաղաղություն» գործին մեջ։

Ֆրանսերենի դեմ չեմ. ընդհակառակը կը փափաքիմ, որ այդ միջազգայնացած լեզուն շատ լավ սորվեցվի մեր աշակերտներուն, քանի որ այդ լեզվին միջոցավ կարելի է այնքա՛ն գաղափարներու, վարդապետություններու եւ գեղագիտական վսեմ ներշնչումներուն հետ ուղղակի հաղորդակցության մեջ մտնել. բայց երբ անկե գերադաս չափերով չի սորվեցվիր ազզային լեզուն, գրականությունն ու մատենագրությունն, այն ատեն առաջ կուգա այն հանգամանքը, զոր ցուցամոլությամբ եւ այլասիրությամբ կը մեկնվի։ Ռուսիո մը կամ ուրիշ հզոր