Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/14

Այս էջը սրբագրված է

Ա՜հ, ծծեցեք այս արցունքը, ո՜վ պանդուխտ գերեզմաններ․ այս արցո՜ւնքն է ձեր կարոտակեզ ծնողքներուն, այրիացած ամուսիններու, որբ զավակներուն, տխրունակ ազգականներուն․ այս արցունքը Բրգնիկի արցո՜ւնքն է. ծծեցեք՝ մինչև որ հղփանաք։ Պիտի չարտասվե՜ի ես, եթե ձեր արյան նման արյուն մը երակներուս մեջ չհոսեր, եթե ձեր թողլքած սիրելիներուն ողբը սրտիս խորքերուն մեջ չարձագանքեր և եթե ձեր հիշատակը ուղեղիս մեջ չհեծկլտար։

Այսօր ե՜ս ալ բաժնված այն հողեն, ուր բողբոջումս երբեմն զվարթ և ստեպ մելամաղձոտ եղավ, — օտար իրերու, օտար զգացումներու մեջ ձեր թողած հետքին կը հետևեմ, ուրկե դեռ շատե՜ր ալ ստիպված կը քալեն․․․ Թո՜ղ գան՝ այդ հետքեն գնացող այդ շատերը և ուրիշներ ալ, որ թերևս պիտի բռնեն զայն, թող գան ձեր նվիրական նշխարներուն առջև ծնրադրելու, թող գան ձեռք-ձեռքի տփած, սիրտ-սրտի բացած՝ բերելու իրենց հետ հիշատակը ձեր հեռու երկրին և անունը ձեր կաթոգին սիրելիներուն․ թո՜ղ գան զարդարելու ձեր շիրիմները, ամփոփելու ցիրուցան հողակույտները, վայելչորեն պատնեշելու, գեղեցկացնելու ձեր այդ բաժնված թաղը, ընելու սիրո ուխտերը ձեր անտեսանելի աչքերուն ներքև, հոն, շնչելու, արտասվելու, երազելու, աղոթե՜լու․․․»։

Ձայնս ընդհատեցավ։ Բոլորովին ալեծփված կը թողում զանոնք և կը հառաջանամ։ Կարծես շուրջս ամեն բան կուլա․ ցուրտ մարմարիոնները ամբողջ միտքս կը հափշտակեն և հոգվույս կը խոսին․ խոր լռության մեջ ահագին ձայն մը կը՝ գտնամ ես, որ կողբերգե․ գերեզմաններ կան փորված և դատարկ․ ո՞վ գիտե, քանի՜—քանի՜ կյանքեր պիտի իյնան և պիտի խավարին այդ սոված որկորներուն մեջ։ Տեղ—տեղ կանանչով ծածկված կոշկոռուտ գետնին վրա ոտքերս կելևէջեն հանկարծակի․ կը դողամ։ Աջ ու ձախ կը նայիմ, կը տարակուսիմ և կը մտածեմ, թափառկոտ ուրվականի մը պես մահարձաններու, կոթողներու, խաչքարերու ստվերներեն կանցնիմ՝ բան մը փնտռելու նման։ Կը կենամ շքեղ և բարձրակառույց շիրմի մառջև․ վաղեմի բարեկամիս շիրիմն է ան․ ա՜յն բարեկամիս, որ ասկե շուրջ երկու տարի առաջ, երբ մեռելաքարերը կարդալով