Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/145

Այս էջը սրբագրված է

Դասականությունը հոն երկար ատեն իշխելե վերջ, հունական միտքն ու ուղեղը՝ ստեղծագործելե այլևս հոգնած կը փոխադրվի հռոմեական կայսրության մեջ։ Հռոմայեցվոց մոտ ամեն բան դրական կը տեսնվի․ հարյուրավոր ազգությանց անսահման երկիրներուն տիրելով՝ անոնց կառավարությանը մեջ հաջողիլ կարենալը գործնական ըրած էր զիրենք նույնիսկ աստվածներու մասին, քանզի անոնց Արամազդը չուներ հունական Աստղիկին գեղն ու շնորհը և կը նմանի հռոմեական լեգեոնի զինվորին կյանքին։ Անոնց գրականությունը եղավ իրենց կենցաղին ցոլացումը։ Վիրգիլիոսը բացառություն բռնելով, դասական արվեստը խեղդվեցավ ժամանակի միստիկականության մեջ՝ տարածումովը քրիստոնեության, որ մեծ խորհրդավորություն մը ունի։

Ամեն տեղ տիրող գաղափարներու, սկզբունքներու փիլիսոփաշությունն է, որ դպրոցներուն վրա կը ցոլա։ Սակայն կար երկիր մը, ուր դասականությունը կրնար հառաջ խաղալ․ Գաղիա՜ն էր ան․ անտառները նվազ՝ բաղդատմամբ Գերմանիո, կլիման հեշտ և ազգաբնակչությունը լատին խառնվածքով։ Դասական արվեստը հոն արշավեց, ապրեցավ, Լուդովիկոս ԺԴ-ի դարուն՝ իր գագաթնակետը հասավ, մինչ որ հետզհետե ձևափոխվելով՝ հառաջացավ վիպական գրականությունը։ Տարաշխարհիկ գրականություն մը եղավ այս, զոր արտադրեցին Տիկին տը Սդալ և ուրիշներ։ Ռասին և Գոռնեյլ գերազանցորեն կերտեցին թատրերգությունը։ Շաթոպրիան անգիտակ՝ զբաղեցավ դասական ու վիպական դպրոցներով։ Հետզհետե խմորվող նոր ուղղության տվին «վիպական» անունը, որուն նպաստեցին ֆրանս<ական> հեղափոխության ազդակները, Տանդոնը, Ռոպեսբիեռը, Կիյեռդինը, Նաբոլեոն իր կյանքի ու հմայքի գիծերով՝ եղավ ուրիշ ազդակ մը։ Վիպականին հատկանիշն է վսեմն ու անհատապաշտության երգը, մշակումը, անոր մեջ ավելի ուշագրավ են մանրամասնությունները (detail), քան ամբողջ գրվածքը․ երևակայությունը գերակշիռ է միտքի տրամաբանութենեն։ Արդ, գրական ո՞ր սեռը պիտի կարողանար ուռճանալ այս պայմաններուն տակ․ անշուշտ Քնարերգությունը․ ատոր մե՛ջ է որ կապրի ֆրանսական եռանդը։ Թատրերգության