Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/146

Այս էջը սրբագրված է

մեջ, և մասնավորելով Հյուկոյինը, ճշմարիտ տիպեր չենք կրնար գտնել ամեն տեղ. այս պատճառավ է, որ երբ վերջերը նույն Հյուկոյին մեկ թատրերգությունը բեմ հանվեցավ, ժողովուրդեն սուլվեցավ․ այդ օրեն ինկավ Վիպապաշտ Դպրոցը. որուն հաջորդ կուգա Իրապաշտը։

Կյանքը սփինքս մըն է։ Եգիպտոսի մեջ արդեն սփինքսները դրված են կյանքի իմաստով։ Անոնք կյանքն են. կը մնան անապատին ահավոր լռությանը մեջ. պետք է խոսեցնել այդ սփինքսները։ Իմաստասիրությունն աշխատած Է պարզելու կյանքը, իսկ կրոնքը, մասնավորապես քրիստոնեականը, շատ անգամ նույնիսկ արհամարհել տված է զայն։ Դասական դպրոցը եկավ կյանքի անունով ու կյանքին նայեցավ լավատես աչքով։ Վիպական դպրոցը՝ դարձյալ կյանքի անունով՝ եկավ ըսավ, թե դասական դպրոցը թույլ է, ծանր է ու կյանքի մեջ դրավ աշխուժություն և ուզեց վարել երևակայությամբ, որ սխալ էր հիմնովին սակայն խոստովանիլ պետք է, որ կենդանացաց Քնարերգությունը, զոր ուղղակի կը պարտինք վիպական դպրոցին։ Դասական թե վիպական դպրոցներ եկան, ապրեցան, գործեցին, բայց դեռ սփինքսը խոսած չէր։

Այնուհետև եկան իրապաշտ ու բնապաշտ դպրոցները, զորս առանց իրարմե բաժնելու կրնանք մեկ դպրոց կոչել․ միայն տարբերությունը հոն է, որ իրապաշտը կյանքը գիտե այնպես, ինչպես որ է, մինչդեռ բնապաշտը հիմնված Է ավելի գիտության վրա։ Երկուքին ալ նպատակը նույն է, կյանքը պատկերել եղածին պես, տգեղ կամ գեշ, լավ կամ գեղեցիկ։ Գրական սեռերու մեջ վեպն էր միայն իբր այնպիսի գործիք մը, որ կարենար ի հայտ բերել կյանքի ամբողջ ձևերը. իրապաշտ դպրոցը մշակեց այդ սեռը։ Պառնասյան դպրոցն ուզեց ուղղակի հակազդել վիպական դպրոցին ու գրեթե վերակենդանացուց դասականը։ Պառնասյանը եվրոպականե ավելի՝ Արևելքի ծնունդ, իր ամենամեծ պետով՝ Լըգոնդ տը Լիլով պանծաց։ Լիլ ուղևորությանն ատեն Հնդկաստանեն հետը բերավ իրապաշտ դպրոցին հույզերը, խռովքները. առավելապես նկարագրեց կենդանիները, զբաղեցավ անոնցմով, և ատով կոչվեցավ «կենդանիներու բանաստեղծ», իր «Փիղերը» դասական