Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/158

Այս էջը սրբագրված է

Բարեկամեն: Այդ լուրերը հոյակապ և եղերական կերպով կերգեր մեզի։ Իր քերթողական մեկ ուրիշ հատորն էր։ Նոր ձևափոխում կրած էր իր տաղանդը, պատկերները ավելի որոշ էին դարձած, և վիպողի շունչ մը կար իր մեջ, կը պատմեր ոճիրը զայն նկարելով։ Կնոջ մարմիններու և զարդերու նկարագրությունը նորություն մըն էր իր այդ դիրքին մեջ, հաջող նորություն մը, ամենեն տարամերժ գույները կը շաղվեին ու կը համադրվեին իր գրչին տակ, իր պաստառին վրա. տաղանդավո՜ր ոճրագործություն։

«Կարմիր Լուրեր Բարեկամես»ին հաջորդեց «Հայրենի Հրավերներ» հատորը։ Յարճանյան կ՛երպեր Ամերիկայեն։ Հոն հայ պանդուխտներուն մեջ ճանչցած էր հայուն ամենեն խորունկ վիշտը, — Կարոտախտը: Քերթողը կարծես երկու աշխարհներուն, Հայաստանի ու Ամերիկայի, միջև կանգնած կը տարածե թևերը, իրարու քով կը բերե, մեկ համբույրի և ցավի մեջ կը միացնե հարսերը տնասեր ու փեսաները տարաշխարհիկ, մայրերը հայրենապահ և զավակները նժդեհական։ Այս հատորը քերթողին գլուխգործոցն ըլլալ կը թվի ինծի․ հոն մարդկային այնպիսի բան մը կա, որ սահմանված է մարդ էակին հետ ապրելու։ Երգն է անպատիր սերին, գոյակից վիշտին, ընտանիքեն ծագում առնող և հայրենիքը ամրապնդող այն նվիրման պատվանդանին, որուն վրա միայն կրնա իրականանալ նույնիսկ մարդկության հեռավոր եղբայրությունը։

Անցնինք Յարճանյանի արվեստին մասնավոր գիծերուն։ Ըսվեցավ, թե քերթողը դյուցազներգական արվեստը կը մշակե։ Այստեղ ճշդելի կետ մը կա: Դյուցադներգությունը (ерорee) գրական-բանաստեղծական սեռ մըն է, որ իր հատուկ կիրարկման արվեստը ունի։ Հին ու նոր հսկա գործեր, ինչպես «Ռամայանա», «Իլիական», «Էնեական», «Օսիան», «Երուսաղեմ ազատյալ», «Հայկ Դյուցազն» այլն, գրեթե նվիրագործած են անոր գրական ձևը, դնելով անոր մեջ դասական արվեստ ու լեզու, տիպարներու միամտություն և բնականություն, իրենց շրջանին բոլոր հավատալիքները, սովորությունները և գիտելիքները։ Այս իմաստով դյուցազներգակ մը չէ Յարճանյան, դյուցազուններ երգելով հանդերձ։ Ան հեղափոխության