Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/160

Այս էջը սրբագրված է

կը բարձրանան տկար երևակայության, խորունկ բայց տժգույն են անոնք, ասոնցմե կը հաշվվին Մյուսեները և Լեոփարտիները։ Հեղինակներ կան, որ հզոր երևակայութենե մը կը բարձրանան տկար հուզումի մը, հոյակապ բայց արմատապես սխալ հեղինակներն են, այս վերջիններեն են վիպականներեն մեկ մասը, ի մասնավորի Վ․ Հյուկոն։ Յարճանյան ոչ մին է և ոչ մյուսը, ան հզոր երևակայության մը կատարն է՝ թևավորված փոքրիկ հուզումով մը, այդ թելադրիչ հուզումը կարոտախտն է: Օ՜, Սիամանթոյի կարnտախտը: Այդ բառին մեջ է ամբողջ քերթողը, հոն է նաև հայ ցեղին ստեղծագործ կարողությունը։ Հայ բանաստեղծության ոգին կարոտախտ է։ Մեր երգը երգն է կռունկին, հառաչանք մը՝ դեպի թողլքված հայրենի տունը և հևիհև թռիչք մը դեպի այն կորսված կենցաղը, զոր կը կոչենք հայ ժողովուրդին փրկությունը։

Երևակայությունը կը կերտե պատկերներ, որոնցմե դուրս բանաստեղծություն մը բնազանցություն պիտի ըլլար։ Յարճ՛անյան կարծես հրաշեկ երկաթով մարմարիոնի վրա պատկերներ կը դրոշմե՝ իր մ են մի տողին, մեն մի բարդ բառին մեջ, զոր ստեպ ինքը կը հորինե։ Այս պատկերավոր տողերը հաճախ իրարու հետ դասական աղերս չունին։ Իմաստը զանոնք չի կապեր, անոնք պաստառին վրա բուռերով նետված գույներ են, ծեփեր են, որոնք cinema-ի մը շարժականությունն ունին։ Անոնք մտածումե ավելի միևնույն սեռին պատկանող տպավորություններ են, որ հետզհետե, տող առ տող, կերթան ոտանավորին ամբողջություն մը տալու, այդ ամբողջությունը տպավորության համադրությունն է, — բանաստեղծին ուժականությունը (dynamisme) մտածումներուն մսավորումը։

Այդ կերպ արվեստով թելադրված տպավորություն մը անշուշտ մեկին ու որոշ պիտի չըլլար։ Մղձավանջ մըն է ան, որ քեզ իրեն կենթարկե, կը փլի հոգիիդ վրա և կը ճնշե զայն։ Դուն ոչինչ կը տեսնես Յարճանյանի մեջ, բայց կընդնշմարես ամեն բան։ Մայրամուտի արյուններուն ետև լուսագունդին եղերական վախճանը, օվկիաններու ընդերքեն անցնող մրրիկները, հրդեհներու ծուխին փշրվող ճրագները կզգաս առանց ըմբռնելու կամ կըմբռնես առանց տեսնելու, պաստառին