Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/17

Այս էջը սրբագրված է

1 9 0 8


4. է ՏԱՌԸ ՄԵՐ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ ՄԵՋ

Բերանդ կես բաց. որովայնդ ներս քաշե՝ շունչ առնելու համար, և ամբողջ ուժովդ հնչե — է՜: Եվ ահա կոկորդեդ հանած պիտի ըլլաս այն ամեն գոյությունները, որոնք երևակայությանդ մեջ իսկ հազիվ կը պատկերանան։ Միտքդ, եթե այդ գոյությանց կեսը կրնա ըմբռնել աղոտ կերպով, թերևս ուրիշ բանով լավ պիտի չկրնա բացատրել, բայց եթե այդ փոքր տառովը, այդ չնչին նշանովը։

Սկսյալ հյուլեե մը, նշանախեցիե մը ավելի մեծ չափով և ավելի ընդարձակությամբ մարմիններ կը պարփակե այս տառն իր մեջ։ Թե կենդանի և թե անկենդան բնությունք հոն են՝ իրենց ամեն ձևերովն ու գույներովը։

Այդ տառը ընդարձակ հայելի մ՝ըլլալ կը թվի և ամբողջ տիեզերքը կանդրադարձնե․ դիտե՛ հոն, և նախ՝ դուն զքեզ պիտի տեսնաս․ հոն՝ ծովը պիտի անցնի իր փրփուրներովն, իր հավիտենական մութ անդունդներովը, ձուկերովն ու խեցիներովը և ամենեն չնչին ավաչովը․ հոն է ամեն բան. փոքր զեռնու մը սողոսկյունեն՝ մինչև իշու մը ականջները խաղցնելը պիտի տեսնես։ Անհուն և աննշմարելի աշխարհները. աստղերն ու արևը հո՛ն պիտի թավալին, և թերևս Գալիլեոս մ՝ալ, դիտակը աչքին, իր զմայլումներովը պիտի պատկերանա։

Մեծցնենք այդ տառը. գծերու թանձրություն մը տանք իրեն․ և սրբազան գործ մ՝ընելու պես՝ ջնջենք մեր անտարբեր ժպիտը․ ամփոփենք մեր միտքը. աս անգամ ավելի դողդոջուն և երկյուղած ձայնով մը հնչելով՝ է՜: Եվ գիտե՞ք ինչ ըսել է... Եթե կուզեք գիտնալ նշանակությունը՝ կարդացեք այս մեծ էն պզտիկին մեջ․ այն ատեն պիտի ըմբռնեք զինքը, այսինքն ա՛յն, որ կրցավ «չէ» «է» բաժնել, հանել, անծայրածի՜ր կարողություն։